«Ազնավուրի հրեաները». Jewish.ru-ն պատմել է՝ ինչպես է երգչի ընտանիքն օգնել Հոլոքոսթի զոհերին

«Ազնավուրի հրեաները». Jewish.ru-ն պատմել է՝ ինչպես է երգչի ընտանիքն օգնել Հոլոքոսթի զոհերին

PanARMENIAN.Net - Մազապուրծ լինելով Հայոց ցեղասպանությունից՝ապագա մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի ընտանիքը խոսք էր տվել օգնել բոլոր նրանց, ով կենթարկվի հալածանքների: Այդ մասին ասվում է Ազնավուրին նվիրված Jewish.ru-ի հոդվածում:

«Ոչ, Ազնավուրը հրեա չէ: Նա առնչվում է հրեական պատմությանը բացառապես շնորհիվ այն հանգամանքին, որ նրա ընտանիքը Փարիզում թաքցնում էր հրեաներին օկուպացիայի ժամանակ»,- գրում է «Ազնավուրի հրեաները» հոդվածի հեղինակը՝ նշելով, որ վերապրելով Հայոց ցեղասպանությունը, Ազնավուրի ընտանիքն ավելի խորքային էր ընկալում Հոլոքոսթն ու ձգտում իր տանը պատսպարել բոլոր տառապողներին՝ հրեաների և հայերի, լեհերի ու ռուսների:

«Նրա մորը թրքուհի էին անվանում, թեև նա Թուրքիայում ծնված հայ էր: Ազնավուրին էլ ֆրանսիացի են անվանում և նույնիսկ այդ երկրի մշակույթի հիմնական խորհրդանիշներից մեկը, թեև նա Ֆրանսիայում ծնված հայ է: Նրա հայրը ևս հայ էր, ծնունդով Վրաստանից, որտեղ հայերին չեն հալածել: Ցեղասպանությունը նրանց տանը չի դիտարկվել որպես ամբողջ ժողովրդի ողբերգություն, այլ ավելի՝ որպես մոր ընտանիքի վիշտը: Սակայն, չնայած վերապրած զրկանքներին, մայրը երեխաների մեջ ատելություն չի սերմանել Թուրքիայի հանդեպ, հակառակը, նույնիսկ հիացել է նրանց գեղեցկությամբ և կենցաղը կազմակերպելու ունակությամբ»,-ասվում է հոդվածում:

«Նրան ուզում էին Շահնուր անվանել, բայց բուժքույրը չի հասկացել, թե ինչ է նշանակում Շահնուր և գրանցել է տղային Շառլ անունով: Նրա ծննդյան օրը նշանավորվեց ընտանիքի համար ևս մեկ կարևոր իրադարձությամբ՝ նրա հայրական կողմի պապը, որը Թիֆլիսի նահանգապետի խոհարարն էր, ինքնուրույն, մեծ արկածներից հետո, հասնում է Փարիզ: 1924-ի մայիսի 22-ին նա փոքր ռեստորան է բացում Փարիզում: Ավելի ուշ Շառլի հայրը ևս կովկասյան խոհանոցի ռեստորան է բացել»,-ասվում է հոդվածում:

Նշվում է, որ երբ նացիստները գրավեցին Փարիզը, Ազնավուրի ընտանիքն օգնում էր հրեաներին, Դիմադրության անդամներին, ռուսներին ու հայերին՝ պատսպարելով նրանց իր տանը: Շառլն այդպես էլ չիմացավ այն մարդկանց անունները, որոնք ապաստանում էին իրենց տանը, ոչ էլ նրանց հետագա ճակատագրի մասին:

Հեղինակը գրում է, որ հնարավոր է, այդ հիշողություններն այդպես էլ մնային Ազնավուրի հուշատետրում, եթե չլիներ Ռաուլ Վալենբերգի անվան մեդալը, որը շնորհվեց Ազնավուրին և նրա քրոջը՝ Աիդային, հոկտեմբերին Իսրայելում:

«Նա շատ երախտապարտ էր Իսրայելի նախագահ Ռիվլինին, որն անձամբ հանձնեց նրան մեդալը, սակայն չկարողացավ ձեռնպահ մնալ հարցից. «Ինչո՞ւ չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունը, երբ ինքներդ եք տուժել նացիստական ռեժիմից»: Ռիվլինը պատասխանեց, որ դա քաղաքական հարց է, չնայած, որ ինքն անձամբ ընդունում է հայ ժողովրդի ողբերգությունը, սակայն ստիպված է հարգել Իսրայելի խորհրդարանի որոշումը, որը չի կարողանում հստակ բնութագրել 1915-ին Թուրքիայում կատարված արյունահեղությունը»,-ասվում է հոդվածում:

Ազնավուրի ընտանիքը սերտ կապեր է ունեցել ֆրանսիական դիմադրության Միսաք Մանուշյանի խմբի հետ: Ազնավուրներն ապաստան էին տալիս Փարիզի իրենց բնակարնում հայերին, հրեաներին, նացիստների կողմից հետապնդվող բոլոր մարդկանց,՝ վտանգի ենթարկելով իրենց կյանքը: .

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---