Արամյան. 2018-ին մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կարող է աճել մոտ $300-ով

Արամյան.  2018-ին մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կարող է աճել մոտ $300-ով

PanARMENIAN.Net - Եթե 2018-ին հաջողվի իրագործել կառավարության ծրագրերը, ապա մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կաճի մոտ 300 դոլարով: Այդ մասին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարել է ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նախարարը դեմ է այն մոտեցմանը, որ սոցիալական բնույթի պարտավորությունները՝ աշխատավարձերն ու թոշակները, ֆինանսավորվեն ի հաշիվ պարտքի, հայտնում է Panorama.am-ը:

«Նման դեպք եղել է Հունաստանում: Այդ երկիրը հետագայում ստիպված է եղել գնալ կոշտ քայլերի՝ մի քանի անգամով նվազեցնելով թոշակները: Կառավարության հնարավորությունները սահմանափակ են, իսկ մարդկանց կարիքներն անընդհատ աճում են: Հետևաբար, պետք է օժանդակել մարդկանց, սովորեցնել սեփական ուժերով ձուկ բռնել: Կարծում եմ՝ մեր որդեգրած ուղղությունը ճիշտ է: Սա սոցիալական խնդիրների լուծման ճիշտ բանալին է»,- ասել է նախարարը:

Անդրադառնալով կրճատումներին՝ Վարդան Արամյանը չի համաձայնեց այն տեսակետի հետ, որ մարդիկ 10 տոկոսով ավելի վատ են ապրելու:

«Լավ կամ վատ ապրելու ցուցիչներից մեկը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն է: Եթե 2018-ին հաջողվի իրագործել մեր ծրագրերը, ապա մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կաճի մոտ 300 դոլարով: Այսօր արդեն իսկ սպառման աճ ենք արձանագրել, որը փաստում է՝ կարծես թե ճիշտ ուղղությամբ ենք ընթանում։ Սպառումը բնութագրում է, թե ինչպիսին է մարդկանց կենսամակարդակը։ Մարդը սկսում է ավելի շատ սպառել, եթե տվյալ պահին իր մոտ կա եկամուտների աճ և եթե ունի ակնկալիք, դրական սպասումներ ապագայի նկատմամբ»,- նշել է նախարարը։

Վարդան Արամյանը հիշեցրել է, որ պետք է վերանայել հանրային հատվածի աշխատատեղերը։ «Հանրային հատվածում մենք ունենք մոտ 426.000 աշխատող: Այստեղ հարց է առաջանում՝ արդյոք մեր հարկատուների վճարած գումարներն ադեկվատ են բյուջեի հաշվին պահվող աշխատատեղերին: Ֆինանսների նախարարության օրինակով կարող եմ ասել՝ մենք վերանայել ենք ոչ թե մարդկանց, այլ աշխատատեղը, թե տվյալ աշխատատեղը ինչ ավելացված արժեք է ստեղծում հանրության համար և արդյոք ադեկվատ է, որ տվյալ աշխատատեղը սնվի հարկատուների գումարներից», - նշել է նախարարը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---