ՀՀ-ն առաջարկում է ՄՕԿ-ին դոպինգ չընդունած ՌԴ մարզիկներին թույլ տալ հանդես գալ իրենց երկրի դրոշի ներքո

ՀՀ-ն առաջարկում է ՄՕԿ-ին դոպինգ չընդունած ՌԴ մարզիկներին թույլ տալ հանդես գալ իրենց երկրի դրոշի ներքո

PanARMENIAN.Net - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ առաջարկում են Միջազգային օլիմպիական կոմիտեին թույլ տալ Ռուսաստանի օլիմպիական հավաքականի դոպինգ չընդունած մարզիկներին հանդես գալ երկրի դրոշի ներքո:

Նախարարությունը և կոմիտեն դատապարտում են դոպինգի ցանկացած տեսակի օգտագործում, միաժամանակ կարծում են, որ ոչ բարեխիղճ մարզիկների պատճառով անարդարացի կլինի պատժել արգելված նյութեր չօգտագործած մարզիկներին, որոնց մասնակցությունը 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից արգելված չէ:

«Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ ՄՕԿ-ի որոշմամբ իր գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած ՌԴ ազգային օլիմպիական կոմիտեն չի կարող ապահովել ՄՕԿ-ի կողմից ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու թույլտվություն ստացած մարզիկների մասնակցությունը Փենչհանում կայանալիք օլիմպիական խաղերին, իրենց պատրաստակամությունն են հայտնում աջակցել՝ այդ մարզիկների մասնակցության համար անհրաժեշտ բոլոր կազմակերպչական աշխատանքներին»,- ասվում է հայտարարության մեջ:

Դեկտեմբերի 5-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն զրկել էր Ռուսաստանի հավաքականին 2018-ին Հարավային Կորեայում կայանալիք Օլիմպիադային մասնակցելու իրավունքից: Որոշումը կայացվել է հատուկ հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա, որոնք հաստատել են «Սոչիի Օլիմպիադայի ժամանակ խթանիչների հետ կապված սիստեմատիկ գործողությունները»:

Որակազրկվել է ՌԴ Օլիմպիական կոմիտեն, ինչպես նաև ՄՕԿ-ը ցմահ հեռացրել է փոխվարչապետ Վիտալի Մուտկոյին և սպորտի նախկին փոխնախարար Յուրի Նագորնիխին Օլիմպիադաներ այցելելու իրավունքից: Ռուսաստանցի մարզիկները, որոնց չեն մեղադրել դոպինգ օգտագործելու մեջ, կարող են մասնակցել Օլիմպիական խաղերին օլիմպիական դրոշի տակ: Այդ մասին որոշումը կկայացնի հատուկ հանձնաժողովը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---