ԱՄՆ փորձագետները կաջակցեն ՀՀ-ում հակահրդեհային միջոցառումների պլանավորմանը և մշակմանը

ԱՄՆ փորձագետները կաջակցեն ՀՀ-ում հակահրդեհային միջոցառումների պլանավորմանը և մշակմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ փորձագիտական խումբը կաջակցի ՀՀ-ում հակահրդեհային միջոցառումների պլանավորմանը և մշակմանը: Այդ մասին ասվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպմանը ԱՄՆ դեսպանության պաշտպանության համագործակցության գրասենյակի ղեկավար մայոր Դոնալդ Հարփերի և ԱՄՆ անտառային ծառայության հրդեհների գնահատման թիմի ղեկավար Ջենիֆեր Քրոֆթի գլխավորած պատվիրակության հետ:

Թիմի՝ Հայաստան այցի նպատակն է փորձագիտական աջակցություն ցուցաբերել Խոսրովի և Արտավանի անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացման, անտառային հրդեհների կանխարգելիչ աշխատանքների իրականացման գործում, ինչպես նաև՝ ազգային կանխարգելիչ կարողությունների գնահատման և զարգացման նպատակով խորհրդատվության տրամադրումը:

ԱՄՆ անտառային ծառայության հրդեհների գնահատման թիմի ղեկավար Ջենիֆեր Քրոֆթն ընդգծել է հրդեհային վտանգավոր ժամանակահատվածում հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների իրականացման կարևորությունը, ինչպես նաև՝ նշել, որ անտառային հրդեհների դեպքում շատ կարևոր է ցամաքային և օդային հրդեհաշիջման համակցված աշխատանքը:

Ամերիկյան կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել անտառային հրդեհների դեմ պայքարի մեխանիզմների և մեթոդաբանության մշակման վերաբերյալ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փորձագիտական ուսումնասիրության իրականացման մեխանիզմները: Նախարար Տոնոյանը նախանշել է փորձագիտական աշխատանքից ակնկալվող առաջնահերթությունները. մասնավորապես՝ հրդեհային վտանգավոր ժամանակահատվածում անտառային տնտեսությունների մոնիթորինգի մեխանիզմները, կանխարգելման աշխատանքների իրականացման արդիական մեթոդները և մեխանիզմները, ինչպես նաև՝ հայկական կողմից ամերիկյան լավագույն փորձի ուսումնասիրությունը՝ լեռնային շրջաններում ցամաքային հրդեհաշիջում իրականացնելու գործում:

Փորձագիտական թիմն այցելել է Արագածոտնի մարզի Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատ՝ ծանոթանալու ՀՀ ԱԻՆ-ի հրդեհաշիջման կարողություններին, իսկ դեկտեմբերի 13-ին ԱՄՆ փորձագիտական թիմն այցելելու է Խոսրովի անտառ՝ տեղում ուսումնասիրություններ իրականացնելու համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---