ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԻ, ԹԵ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՐ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ Է ՏԵՍՆՈՒՄ ԻՐ ԱՊԱԳԱՆ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է որոշի, թե անվտանգության որ համակարգում է տեսնում իր ապագան: Այդ մասին, հաղորդում է «Առկա» գործակալությանը, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Շուգարյանը` այսօր ելույթ ունենալով Կովկասում ռազմական անվտանգության խնդիրների եւ խաղաղության սահմանման հեռանկարների վերաբերյալ համաժողովում: Նա նշել է, որ Հարավային Կովկասի յուրաքանչյուր հանրապետություն զարգացման իր պատկերացումն ունի: «Վրաստանը դուրս է եկել անվտանգության մի համակարգից եւ չի մտել մեկ այլ համակարգ: Ադրբեջանը գտնվում է անցողիկ փուլում` դեռ լիովին դուրս չեկած հին համակարգից: Հայաստանը մնում է անվտանգության հին համակարգում` փորձելով ընդլայնել նրա էլեմենտները»,- ասել է Շուգարյանը: Ընդ որում, նա նշել է, որ ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո, Հարավային Կովկասի երեք հանրապետությունների համար անհրաժեշտություն է առաջացել մշակել միասնական քաղաքականություն` տարածաշրջանի հետագա զարգացման վերաբերյալ: «Եթե մենք կարողանանք գտնել միասնական մոտեցում եւ մշակել ընդհանուր տարածաշրջանային քաղաքականություն, ապա Հարավային Կովկասը կդառնա ինքնուրույն աշխարհաքաղաքական միավոր»,- գտնում է փոխնախարարը: Այլ կերպ, Շուգարյանի խոսքերով, այս տարածաշրջանը «կձուլվի ավելի խոշորին` աշխարհաքաղաքական առումով, որից հետո խոսքը կգնա միայն ընդհանուր եռակողմ հարաբերությունների մասին»: Այդ առումով Շուգարյանն ընդգծել է, որ Հայաստանը պետք է «իր տեղը գտնի տարածաշրջանում, որպես կապող օղակ»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---