ՍԱՊԾ. Փորձաքննված բրինձը պոլիմերային ծագում չունի

ՍԱՊԾ. Փորձաքննված բրինձը պոլիմերային ծագում չունի

PanARMENIAN.Net - Քաղաքացիներից մեկի դիմումի հիման վրա բրնձի շուկայում իրականացված միջոցառումների արդյուքում պարզվել է, որ մատնանշված խանութից նմուշառված բրինձն անվտանգության ցուցանիշներով համապատասխանում է սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող իրավական ակտերի պահանջին և պոլիմերային ծագում չունի: Այս մասին հայտնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։

Նմուշառված բրնձի խմբաքանակը լաբորատոր փորձաքննության էենթարկվել ինչպես անվտանգության, այնպես էլ որակական ցուցանիշներով:

Իրացման ցանցում ՍԱՊԾ մասնագետներին տրամադրվել է համապատասխանության հայտարարագիր, համաձայն որի բրինձը առաջին կարգի է և արտադրված է Ռուսաստանում ընդունված տեխնիկական պայմանների համաձայն: Վերլուծության արդյունքում հաստատվել է, որ ներկայացված նմուշը ոչ թե առաջին կարգի, այլ մանրատված տեսակի բրինձ է: Նմուշն ունեցել է արտահայտված հոտ, որը կարող էր պայմանավորված լինել այլ ապրանքների հետ համատեղ պահեստավորմամբ:

Իրացման կետից ստացած տեղեկատվության հիման վրա նմուշառում է արվել նաև հավանական ներմուծողի պահեստից: Նմուշառված խմբաքանակը ենթարկվել է փորձաքննության, ինչի արդյունքում պարզվել է, որ պահեստավորված բրինձը նույնպես համապատասխանում է սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող իրավական ակտերի պահանջներին: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ իրացման ցանցից և պահեստից վերցված նմուշները նույնական չեն (տհաճ հոտով բրինձը մինչ այդ վաճառքից ամբողջությամբ հանվել էր):

Իրականացվել են բազմակողմանի լաբորատոր փորձաքննություններ, որոնց արդյունքում հերքվել են փորձանմուշների արհեստական ծագման վերաբերյալ ենթադրությունները: Դա հաստատվել է նաև նմուշների՝ բարձր ջերմաստիճանի նկատմամբ ունեցած վարքով: Փորձաքննության ենթարկված նմուշն այրվել է պատշաճ որակի բրնձին համապատասխան ձևով, իսկ այրման ընթացքում բացակայել են պոլիմերային նյութերի այրմանը հատուկ երևույթները (համեմատության համար երկու նմուշնից բացի հետազոտվել է նաև բարձրորակ բրնձի նմուշ. այրման ընթացքում բոլոր երեք նմուշները դրսևորել են միանման վարքագիծ): Պարզվել է նաև, որ նմուշների ածխաջրային կազմը գտնվում է բրնձին բնորոշ տիրույթում:

Լաբորատոր քննությունների արդյունքում պարզվել է, որ բրնձի պոլիմերային լինելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, փոխարենը իրացման ցանցի խմբաքանակն ունեցել է որակական շեղումներ:

Ավելի վաղ լայն քննարկումների առարկա էր դարձել քաղաքացու՝ բրնձի տհաճ հոտի և պամելոյի մեջ նկատված մուգ բծերի վերաբերյալ դիմում-բողոքը, որի հիման վրա ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ձեռնարկել էր պետական վերահսկողության միջոցառումներ:

ՍԱՊԾ աշխատակիցներն այցելել էին Դավիթաշեն թաղամասի Տիգրան Պետրոսյան 11/2 հասցեում գործող «Նուշ» իրացման կետ և տեղում նմուշառում կատարել առկա բրնձի խմբաքանակից: Այն ուղարկվել էր լաբորատոր փորձաքննության. մինչ այդ՝ խանութում եղած ողջ խմբաքանակի իրացումը կասեցվել էր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---