«Երևան 2800»-ի վիզուալ կոնցեպտի մրցույթ է հայտարարվում

«Երևան 2800»-ի վիզուալ կոնցեպտի մրցույթ է հայտարարվում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը, Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ, հայտարարում է տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթ:

Վիզուալ կոնցեպտը պետք է ներառի՝ լոգոտիպ, տառատեսակ (շրիֆտ), գունային ոճ, ֆիրմային այլ տարրեր՝ կախված առաջարկվող կոնցեպտից: Ոճի կիրառությունը հարկավոր է ներկայացնել տարբեր կրիչների վրա:

Լավագույն ճանաչված աշխատանքը ներկայացնող կազմակերպությունը (կամ անհատը) կարժանանա 2 միլիոն դրամ մրցանակի:

Մրցույթին կարող են մասնակցել շահագրգիռ բոլոր ոլորտային կազմակերպություններն ու անհատները:

Առաջարկները կքննարկվեն համապատասխան հանձնաժողովի կողմից, և հավանության արժանացած տարբերակը կկիրառվի հոբելյանական տարվա միջոցառումների ընթացքում:

Հայտերն ընդունվում են ք.Երևան, 0015, Արգիշտիի 1 հասցեով, Երևանի քաղաքապետարան կամ logo2800@yerevan.am էլեկտրոնային հասցեով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունվարի 15-ն է, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Մրցույթին ներկայացված աշխատանքները վերադարձման ենթակա չեն:

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին ստորագրել էր հրամանագիր Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողով ստեղծելու մասին:

Հրազդան գետի վրա կառուցվում է 252 մ երկարությամբ կամուրջ, որը կկրի «Էրեբունի-Երևան 2800» անունը և կնվիրվի Երևանի 2800-ամյակին: Այս հատվածի շինարարական աշխատանքներն իրականացնում է միջազգային մրցույթում հաղթած իտալական փորձառու կազմակերպությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---