Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Թիմ Շերվուրդը կարծում է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կցանկանար իր թիմի շարքերում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Ըստ Շերվուդի, ՄՅՈւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ճիշտ չի օգտագործում Մխիթարյանի ունակությունները: «Տոտենհեմի» մարզչին վրդովեցրել է այն փաստը, որ հայ ֆուտբոլիստը երկար ժամանակ է խաղադաշտ դուրս չի գալիս ՄՅՈւ կազմում, գրում է Daily Star-ը:
«Կարծում եմ, Մխիթարյանը ՄՅՈւ այն մի քանի խաղացողներից է, ում Գվարդիոլան կցանկանար հրավիրել «Մանչեսթեր Սիթի»: Անկասկած, նա համապատասխանում է Խոսեպի խաղային համակարգին՝ ստանալ գնդակը, շրջադարձ անել, շրջանցելով առաջ գնալ»,-ասել է Շերվուդը:
Դեկտեմբերի 20-ին Մխիթարյանը ՄՅՈւ կազմում 69-րդ րոպեին փոխարինել է հարձակվող Զլատան Իբրահիմովիչին «Բրիսթոլ Սիթիի» հետ խաղում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել է 1:2 հաշվով: Դրանից առաջ վերջին անգամ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել նոյեմբերի 25-ին՝ «Բրայթոնի» հետ խաղում: Լուրեր են շրջանառվում, որ այդ խաղից հետո Մխիթարյանը վիճաբանություն է ունեցել Մոուրինյոյի հետ:
ՄՅՈւ կազմում Մխիթարյանը 13 գոլի հեղինակ է դարձել 58 խաղում ՝բոլոր մրցաշարերում: Նրա պայմանագիրն ակումբի հետ սպառվում է 2020-ի ամռանը: