ՀՀ վարչապետ. Կուզենք՝ Վրաստանով անցնող ճանապարհն ու տարանցումը կայուն լինեն

ՀՀ վարչապետ. Կուզենք՝ Վրաստանով անցնող ճանապարհն ու տարանցումը կայուն լինեն

PanARMENIAN.Net - Հայաստանը կցանկանար, որ Վրաստանով անցնող ճանապարհն ու տարանցումը կայուն լինեին, քանի որ դրանից մեծապես կախված է հայկական տնտեսությունը: Այդ մասին Դավոսում վրացական Առաջին ալիքին է հայտարարել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Պատասխանելով այն հարցին, թե որքանով է իրատեսական, որ ՌԴ-ն բեռներ ուղարկի Հայաստան Ցխինվալի շրջանով՝ ՀՀ վարչապետն ասել է. «Բնականաբար, մենք խնդրում ենք մեր հարևաններին և բարեկամներին դիտարկել այնպիսի հնարավորություն, որ բեռների առաքման հարցում խափանումներ չլինեն՝ ինչպես եղանակի, այնպես էլ այլ պատճառներով: Օրինակ, 2016-ի դեկտեմբերին մոտ կես ամիս մենք չէինք կարողանում բեռներ ընդունել: Ելնելով դրանից՝ եղել է այդպիսի խնդրանք, որպեսզի ստիպված չլինենք արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու այլ ուղիներ որոնել: Դա բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի շահերից»:

Կարեն Կարապետյանը չի ցանկացել խոսել Ցխինվալի տարածաշրջանով բեռների հնարավոր փոխադրման մասին:

Հայաստանը մասնակցում է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին 9 տարվա ընդմիջումից հետո: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպել է Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի հետ, ինչպես նաև Լիբանանի, Իրաքյան Քրդստանի և այլ երկրների ղեկավարների հետ:

Վարչապետը Դավոսում հանդիպումներ է ունեցել նաև միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---