Դարչինյանը պատրաստ է մենամարտել միայն չեմպիոնական գոտու համար

Դարչինյանը պատրաստ է մենամարտել միայն չեմպիոնական գոտու համար

PanARMENIAN.Net - Պրոֆեսիանալ բռնցքամարտիկ, մի քանի վարկածով աշխարհի տիտղոսակիր և աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը պատրաստ է մենամարտել միայն չեմպիոնական գոտու համար: Այդ մասին նա հայտարարել է Երևանում՝ հավելելով, որ եթե մինչև 2018-ի կեսը լավ առաջարկ չեղավ՝ բռնցքամարտիկի կարիերան կավարտի:

Դարչինյանը 43-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում։

Վերջին շրջանում պրոֆեսիոնալ ռինգում Վիկ Դարչինյան անունը գրեթե բացակայում է: Բռնցքամարտիկը մարզիկի կարիերան ավարտելու եզրին է, գրում է ՀԱՕԿ լրատվականը:

Դարչինյանը պատմել է, թե ինչն էր նրան ստիպել երկար դադարից հետո նորից ռինգ մտնել, ինչով է զբաղվում այս պահին և ինչ նպատակներ ունի կարիերան ավարտելուց հետո.«2017 թվականի սկզբին արդեն ավարտել էի կարիերաս, չնայած այդ մասին չէի հայտարարել: Բայց, Ռուսաստանից առաջարկ ստացա մենամարտել Եվգենի Գրադովիչի հետ, որն աշխարհի չեմպիոնի գոտի ունի:

Նրանց ասացի, որ ավարտել եմ կարիերաս, բայց եթե 20 օր ժամանակ տան՝ վերջնական կպատասխանեմ: Այդ ընթացքում մարզավիճակ ձեռք բերելու համար մի մենամարտ անցկացրի թայլանդցի բռնցքամարտիկի հետ: Նրան շատ արագ հաղթեցի նոկաուտով: Չէի ասի վատ բռնցքամարտիկ էր, ուներ և հաղթանակներ, և պարտություններ: Զգացի, որ պատրաստ եմ: Զանգեցի և ասացի, որ կմենամարտեմ Գրադովիչի հետ, կարող ենք օր նշանակել: Նախնական պայմանավորվեցինք մենամարտել սեպտեմբերի սկզբին»:

Դարչինյանը պատմել է, որ նրանք խնդրել են մենամարտի տեսագրությունն ուղարկել, որ սկսեն պայմանագիրը պատրաստել: «Մտածում էին, որ տարիքով եմ, չեմ կարող պայքարել: Բայց տեսագրությունից հետո հասկացան, որ ես միայն հաղթանակի համար եմ մենամարտելու: Կարծում եմ՝ վախեցան գոտին կորցնել: Գրադովիչը նույնպես տարիքով է, այդ դեպքից հետո նա ավարտեց կարիերան: Վաղուց էի ցանկանում նրա հետ մենամարտել, և գոտու համար պայքարը ինձ ստիպեց կրկին ռինգ մտնել: Երկար ժամանակ Գրադովիչը հրաժարվում էր ինձ հետ մենամարտել: Դրա համար երբ առաջարկ ստացա սկսեցի մտածել այդ ուղղությամբ: Այս պահին էլ, եթե նա ցանկանա՝ ես կհամաձայնեմ»,-ասել է նա:

Մարզիկի կարիերայի ավարտից հետո թե ինչով կզբաղվի՝ Դարչինյանը դեռ չի որոշել: Ասում է առաջարկներ շատ կան, պետք է մտածել: «Ցանկանում եմ օգնել բռնցքամարտիկներին: Այս պահին Ավստրալիայում մարզում եմ 2 հայ բռնցքամարտիկի, որոնք Չեխիայից են: Ուզում եմ ակումբ հիմնել ԱՄՆ-ում»,- ասել է մարզիկը:

Վախթանգ Դարչինյանը ծնվել է 1976-ի հունվարի 7-ին Վանաձորում, առավել հայտնի է որպես Վիկ Դարչինյան, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է, նախկին WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն։ Եղել է նաև IBF վարկածով գերթեթևքաշային չեմպիոն, ինչպես նաև նվաճել է 4 IBO տիտղոս։ Դարչինյանը ձախլիկ բռնցքամարիկ է։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---