ՀՀ նախագահը հրատարակչությունների ղեկավարների հետ խոսել է ոլորտի խնդիրների մասին19 փետրվարի 2018 - 14:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ փետրվարի 19-ին այցելել է «Բուկինիստ» գրախանութ, որտեղ հանդիպում է ունեցել հանրապետության մի շարք հրատարակչությունների ղեկավարների՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանի, «Զանգակ» հրատարակչության ղեկավար Սոկրատ Մկրտչյանի, «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի և «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ: Թեյի սեղանի շուրջ հանդիպման մասնակիցները զրուցել են գրահրատարակչության վերջին տարիների ձեռքբերումների և առկա խնդիրների մասին, քննարկել՝ գրքի տպագրության և վաճառքի, գրադարանների ու գրախանութների գործունեության շարունակաբար բարելավման, ընթերցանության խրախուսման նպատակով պետության և մասնավոր հատվածի համագործակցության արդյունքում իրականացված աշխատանքներն ու զարգացման հետագա ծրագրերը: Հրատարակիչները նաև իրենց առաջարկություններն են ներկայացրել, որոնք Հանրապետության նախագահը խոստացել է քննարկել ոլորտի պատասխանատուների հետ և փորձել գտնել ոլորտին օգտակար լինելու նոր հնարավորություններ: Սերժ Սարգսյանը և հանդիպման մասնակիցները քննարկումից առաջ շնորհավորել են միմյանց Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա և Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ: Նախագահը գոհունակությամբ է ընդգծել, որ անցած տարիների ընթացքում հասարակության մեջ ձևավորված բարի ավանդույթը` Գիրք նվիրելու օրը, իրավամբ, մեծ պոետի ծնունդը նշելու ամենալավ ձևերից մեկն է: Օրվա խորհրդի ներքո հանդիպման մասնակիցները միմյանց գիրք են նվիրել: Նախագահը նվիրել է բրիտանացի հայտնի պատմաբան, գրող Նիալ Ֆերգյուսոնի հեղինակած «Քաղաքակրթություն. ինչով է տարբերվում Արևմուտքը մնացած աշխարհից» գիրքը, որը ներկայացնում է համաշխարհային պատմության վերջին 600 տարին: «Բուկինիստ» ընկերության տնօրենը նախագահ Սերժ Սարգսյանին նվիրել է անգլիական հրատարակչություններից մեկի հետ համատեղ հրատարակված «Գիտելիքների հանրագիտարան» գրքի հայերեն թարգմանությունը, որտեղ առանձին մեծ բաժնով ներկայացված է նաև Հայաստանը: «Զանգակ» հրատարակչության գլխավոր տնօրենը նախագահին նվիրել է «Հայ արվեստի պատմություն» աշխատությունը, որտեղ ներկայացված է հայ կերպարվեստի և ճարտարապետության պատմական ուղին՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահը Սերժ Սարգսյանին նվիրել է ավստրիացի մեծագույն գրող և մտածող Ռոբերտ Մուզիլի «Մարդն առանց հատկությունների» երկհատորյակը, որտեղ ներկայացված են քննախույզ գիտնականի մտորումները կեցության առեղծվածի ճանաչողության, բնության ու մարդու միջև մղվող հավերժական պայքարի մասին: «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախագահը նվիրել է վերջին շրջանում հրատարակչության տպագրած թարգմանական գրականությունը՝ Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկերը», Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» և «Մարդկանց երկիրը», Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գրքերը, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը նախագահին ներկայացրել է «Բուկինիստ» գրավաճառ ցանցի գործունեության արդյունքում վերջին տարիներին արձանագրված զգալի հաջողությունները, ցանցի ընդլայնման և հատկապես մարզերում գրախանութների հիմնման ուղղությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերը: Սերժ Սարգսյանը գրախանութի տնօրենի հետ շրջայց է կատարել «Բուկինիստում», ծանոթացել գրախանութի՝ նորագույն և լավագույն գրականությամբ հագեցած բաժիններին, այդ թվում՝ մասնագիտական: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |