ԻԿԿ եւ ՎՈւԱՄ երկրները հավանություն են տվել Ղարաբաղի հարցով Ադրբեջանի բանաձեւին

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ընդունել է «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւը: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանի պատվիրակները 39 «կողմ», յոթ «դեմ» եւ 100 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ հավանություն են տվել «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւին: Գլխավոր վեհաժողովը կոչ է անում անդամ-պետություններին հարգել եւ աջակցել Ադրբեջանի ինքնավարությանն ու տարածքային ամբողջականությանը նրա ընդունված սահմաններում: «Գլխավոր վեհաժողովը նորից հայտարարում է, որ ոչ մի պետություն չպետք է օրինական ճանաչի այն իրադրությունը, որը ստեղծվել է Ադրբեջանական Հանրապետության տարածքների օկուպացման արդյունքում, եւ չպետք է աջակցի այդ իրավիճակի պահպանմանը»,- ասվում է ընդունված փաստաթղթում: Դրանում ընդգծվում է «Ադրբեջանի Հանրապետության բոլոր օկուպացված տարածքներից հայկական զորքերի անհապաղ, վերջնական դուրս բերման» անհրաժեշտությունը:



Բանաձեւով աջակցություն է հայտնվում «Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքից վտարված բնակչության իրավունքին` վերադառնալ իրենց տները»: Բանաձեւն ընդունվել է ՄԱԿ-ի ԳՎ 62-րդ նստաշրջանի օրակարգի համապատասխան կետի շրջանակներում:



Ելույթ ունենալով նիստի շրջանակներում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի անունից հանդես եկավ Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Ալեխանդրո Վուլֆը, ով հայտարարեց, որ նրանք չեն պաշտպանում այդ բանաձեւը: Համանախագահների կարծիքով, փաստաթուղթը չի արտացոլում բոլոր մոտեցումները հակամարտության կարգավորման նկատմամբ, որոնք «հավասարակշռված փաթեթի» տեսքով ներկայացվել են Մինսկի խմբի կողմից 2007 թվականին:



«Ցավոք, մեր ուշադրությանը ներկայացված բանաձեւում ընտրողական ձեւով արտացոլված է այդ սկզբունքների մի մասը միայն: Մյուս մասը հանված է: Նման ընտրողական մոտեցմամբ մեր պետություններն ստիպված են դեմ հանդես գալ այս միակողմանի փաստաթղթին»,- ընդգծել է Ալեխանդրո Վուլֆը, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:



Բանաձեւը հավանություն է ստացել Ավղանստանի, Ադրբեջանի, Բանգլադեշի, Բրունեյի, Կամբոջայի, Կոլումբիայի, Կոմորյան կղզիների, Ջիբուտիի, Գամբիայի, Վրաստանի, Ինդոնեզիայի, Իրաքի, Հորդանանի, Քուվեյթի, Լիվիայի, Մալազիայի, Մալդիվների, Մոլդովայի, Մարոկոյի, Մուանմարի, Նիգերի, Նիգերիայի, Օմանի, Պակիստանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Սենեգալի, Սերբիայի, Սյերա-Լեոնեի, Սոմալիի, Սուդանի, Թուրքիայի, Տուվալուի, Ուգանդայի, Ուկրաինայի, ՄԱԷ-ի, Ուզբեկստանի եւ Յեմենի կողմից: Դեմ են հանդես եկել Անգոլան, Հայաստանը, Ֆրանսիան, Հնդկաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Վանուատուն: 100 երկիր ձեռնպահ են մնացել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---