Դեղակայուն տուբերկուլոզի դեպքերն արտագնա աշխատանքի մեկնողների շրջանում մտահոգիչ են

Դեղակայուն տուբերկուլոզի դեպքերն արտագնա աշխատանքի մեկնողների շրջանում մտահոգիչ են

PanARMENIAN.Net - Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի 7 բաժամունքում տարեկան բուժվում է ավելի քան 1800 հիվանդ, իսկ վերջին 10 տարում Հայաստանում կրկնակի անգամ նվազել են հիվանդացության և եռակի անգամ` մահացության ցուցանիշները։ Այդ մասին հայտարարել է Կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը կենտրոն այցելած ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին:

Նախարարը նախ շրջայց է կատարել, ծանոթացել վերջին մեկ տարում կատարված փոփոխություններին, բաժանմունքներում առկա հնարավորություններին ու կարիքներին, հիվանդների բուժման ընթացքին։

Լևոն Ալթունյանին առավելապես հետաքրքրել են առկա խնդիրները: Դիսպանսեր հսկողություն է իրականացվում մոտ 1000 հիվանդի նկատմամբ։ Լուրջ մտահոգության տեղիք են տալիս աշխատանքային միգրանտների շրջանում դեղակայուն և բարդացած տուբերկուլոզի դեպքերը։ Նման հիվանդների կողմից անհրաժեշտ բուժումը չընդհատելուն ուղղված աշխատանքները ոչ միշտ են արդյունավետ լինում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տուբերկուլոզի հաղթահարման ուղղությամբ հնարավոր քայլերն ու միջոցառումները։ Նախարարը հանձնարարել է կատարել առկա ֆինանսական միջոցների ծախսման վերլուծություն և հանդես գալ ծախսարդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ առաջարկություններով, ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

«Արդյունքում պետք է առկա ֆինանսական միջոցների վերաբաշխում կատարել այնպես, որ ապահովվի թե՛ հիվանդի արդյունավետ բուժումը, թե՛ բարձրացվի բուժաշխատողների աշխատավարձերը»,-ասել է նախարարը։

Որոշվել է հաջորդ հանդիպումը կազմակերպել վերահաշվարկները կատարելուց և առաջարկները մշակելուց հետո։ «Մենք համատեղ խորը վերլուծություն կկատարենք, որպեսզի ունեցած գումարներով և ներուժով կարողանանք առաջիկա 3 տարվա ընթացում կասեցնել տուբերկուլոզի տարածումը Հայաստանում»,-ամփոփել է Լևոն Ալթունյանը։

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը 2014թ. ձևավորվել է ՀՀ ԱՆ Հակատուբերկուլոզային հանրապետական դիսպանսերի և Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի միավորման արդյունքում, հետևաբար, իրականացնում է երկու կազմակերպության գործառույթները` տուբերկուլոզով հիվանդների բժշկական օգնություն և սպասարկում ու Տուբերկուլոզի կառավարման ազգային ծրագրի համակարգում և դրանից բխող միջոցառումներ։

Հիմնական նպատակներն են տուբերկուլոզի տեղական դեպքերի վերացումը, դեղազգայուն և դեղակայունտուբերկուլոզի կանխարգելումը, ախտորոշման, բուժման և վերահսկման արդյունավետության բարձրացումը։ Դրանց հասնելու ճանապարհները տարբեր են` սկսած հակատուբերկուլոզային ծառայությունների գործունեության արդյունավետության բարձրացումից, համաճարակաբանական հսկողության գործող համակարգի զարգացումից մինչև տուբերկուլոզի ազգային ռեֆերենս լաբորատորիայում որակի կառավարման համակարգի ներդրում, առողջության պահպանման առաջնային օղակի բուժանձնակազմի կրթում տուբերկուլոզի կանխարգելման և բուժման գծով։ Կարևորվում է նաև միջազգային համագործակցության արդյունքում ժամանակակից ախտորոշիչ միջոցների, դեղերի, բուժման և կանխարգելման նորագույն մոտեցումների կիրառումը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---