Ամբերդի ամրոցը կսկսեն վերականգնել 2018-ի ապրիլից

Ամբերդի ամրոցը կսկսեն վերականգնել 2018-ի ապրիլից

PanARMENIAN.Net - 2018-ին կսկսվի Ամբերդ ամրոցի վերականգնումը: Այդ մասին հայտարարել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ՝ զեկուցելով նախորդ հանդիպմանը նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի և 2017թ. նախարարության իրականացրած աշխատանքների ու 2018թ. նախատեսված առաջնահերթ ծրագրերի մասին:

Մշակույթի նախարարը նախագահ Սարգսյանին զեկուցել է նախագահի հանձնարարականի համաձայն Ամբերդ ամրոցի վերականգնման, վերանորոգման և ենթակառուցվածքների ստեղծման ծրագրի մեկնարկի մասին։ Նրա հավաստմամբ, նախագծերը մշակված են, մրցույթը հայտարարված է, արդյունքներն ամփոփված են, և նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են. վերականգնումը կսկսվի 2018թ. ապրիլին։ Արմեն Ամիրյանի ներկայացմամբ, բարեկարգվել է պատմամշակութային «Գառնի» արգելոց-թանգարանի շրջակայքը, ստեղծվել է ենթակառուցվածքների գոտի։

Արմեն Ամիրյանը հավաստիացրել է, որ Իտալիայի կառավարության հետ հնագիտական արժեքների վերականգնողական տարածաշրջանային կենտրոն ստեղծելու վերաբերյալ նախագահի հանձնարարականի կատարումն ավարտական փուլում է. շուտով կենտրոնը կբացվի ՀՀ մշակույթի նախարարության շենքում հատկացված տարածքում:

Արմեն Ամիրյանը զեկուցել է, որ հաջողությամբ կյանքի է կոչվել նախագահի հետ նախորդ աշխատանքային հանդիպմանը քննարկված համահայկական նվագախմբի ստեղծման գաղափարը` 2017թ. գարնանը նվագախմբի ստեղծումից հետո Երևանում ապրիլի 24-ին տեղի է ունեցել առաջին համերգը՝ աշխարհի 20 երկրից 71 հայ երաժիշտների մասնակցությամբ, այս տարի նախատեսված է նվագախմբի ելույթը Շուշիում՝ մայիսի 9-ին և Երևանում՝ մայիսի 14-ին։ Նախարարը տեղեկացրել է, որ ստեղծվում է նաև համահայկական երգչախումբ, որի առաջին ելույթը կկայանա առաջիկա ապրիլի 24-ին, Երևանում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Առաջիկա ծրագրերի շարքում, նախարարի զեկուցմամբ, 2018թ. օգոստոսի 30-ից սեպտեմբերի 17-ը նախատեսված են Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հյուրախաղերը Արաբական Միացյալ Էմիրություններում։

2018թ. ամռանն անցկացվելու է հայկական պարի փառատոնը, որի նպատակն առաջին հերթին հեռավոր բնակավայրերի պարախմբերին աջակցելն է։

Աշխատանքային հանդիպման ժամանակ նախագահին զեկուցվել է նաև պետական թատրոնների շենքերի վերանորոգման կամ նոր շենքերի կառուցման աշխատանքների վերաբերյալ, ըստ որի` կառուցվել է Երևանի կամերային թատրոնի նոր շենքը, նախատեսվում է կառուցել Համազգային թատրոնի շենքը, վերանորոգվում են Գորիսի և Վանաձորի թատրոնների շենքերը, Ստեփանակերտի պետական թատրոնի շենքի նորոգմանը ՀՀ մշակույթի նախարարության թատերական և համերգային կոլեկտիվները կտրամադրեն իրենց մեկ միջոցառման ողջ հասույթը։ «Արցախ, իմ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագիրն արդեն մեկնարկել է։ Երևանի մնջախաղի թատրոնի նոր տարածքում թատրոնի կառուցման նախագիծն արդեն արված է, շուտով կհայտարարվի մրցույթը։

Նախարարը տեղեկացրել է միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրման մասին: Ըստ Արմեն Ամիրյանի, հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «Միասնական էլեկտրոնային տոմսային համակարգ» ՍՊԸ և «ԻնֆոՏեխ» ՍՊԸ ընկերությունների կոնսորցիումը։ Այժմ կոնսորցիումի հետ քննարկման և համաձայնեցման փուլում է կնքվելիք պայմանագիրը։

Արմեն Ամիրյանը զեկուցել է նաև նախարարության կողմից մշակված` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության, օգտագործման մասին» օրենքում փոփոխությունների, ինչպես նաև Հայաստանում կինոարտադրության ոլորտի կառավարման ժամանակակից մոդելի ներդրման նպատակով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագծերի մասին:

Առաջիկա ծրագրերի շարքում նախարարը նշել է, որ մինչև 2021թ. պետք է ավարտվի գրադարանների, կինոժառանգության, երաժշտական ստեղծագործությունների ֆոնդերի թվայնացումը, իսկ մինչև 2021 թվականի դեկտեմբեր կստեղծվի հայ մշակույթի ստեղծագործական ամբողջ ներուժը պատկերող տեղեկատվական թվային շտեմարան։

Նախարարը ներկայացրել է մի շարք ուղղություններով` մշակույթի բնագավառում օրենսդրության կատարելագործման, մասնագետների պատրաստման ու վերապատրաստման, կինեմատոգրաֆիայի, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության, նախարարության ենթակայության գրադարանների և թանգարանների գործունեության բարեփոխման, նորարարական տեխնոլոգիաների միջոցով դրանց պայմանների բարելավման ու արդիականացման, հանրապետության մարզերում մշակութային կյանքի աշխուժացման, ինչպես նաև արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակման նպատակով իրականացված և ընթացիկ աշխատանքները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---