2018-ին Երևանի օրը հոկտեմբերի փոխարեն կնշվի սեպտեմբերին

2018-ին Երևանի օրը հոկտեմբերի փոխարեն կնշվի սեպտեմբերին

PanARMENIAN.Net - Երևանի օրը նշվելու է ոչ թե 2018 թվականի հոկտեմբերի 13-ին, այլ սեպտեմբերի 29-ին և 30-ին: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի մարտի 29-ի նիստում:

«2018 թվականի սեպտեմբերի 29-ին և 30-ին Երևանի օրը նշելու և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումների մասին» որոշումով առաջարկվում է տեղափոխել Երևանի օրը՝ հաշվի առնելով նաև 2018 թվականի հոկտեմբերին ՀՀ-ում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի կապակցությամբ իրականացվող միջոցառումների ծավալը, դրանց պատշաճ իրականացնելու անհրաժեշտությունը և պահանջվող ժամանակը:

Սեպտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովի նախագահը վարչապետ Կարեն Կարապետյանն է, փոխնախագահները՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, հանձնաժողովում ընդգրկված են մի շարք նախարարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայ Առաքելական եկեղեցու, գիտական հաստատությունների ղեկավար ներկայացուցիչներ, Հանրային խորհրդի, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---