Քաղաքացին բողոքում է՝ ոստիկանները ազատել են Կասկադը մեքենաներից հարսանիքի համար

Քաղաքացին բողոքում է՝ ոստիկանները ազատել են Կասկադը մեքենաներից հարսանիքի համար

PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ի ցերեկը Կասկադի մերձակայքում ոստիկանները քաղաքացիական հագուստով անձանց ուղեկցությամբ «մաքրում» էին տարածքը կայանված մեքենաներից: Այդ մասին PanARMENIAN.Net -ին պատմել է քաղաքացիներից մեկը, ում մեքենան ևս գտնվում էր այդ տարածքում, մինչ ինքը՝ քաղաքացին մոտակա սրճարաններից մեկում էր:

Նրա խոսքով՝ ոստիկանական մեքենայից մեկ ժամից ավելի բարձրախոսով հրահանգվում էր ազատել Կասկադի կողքի հատվածի նեղ փողոցը ավտոմեքենաներից, իսկ ոստիկանները «հատ-հատ մոտենում էին դրսում նստածներին և հարցնում՝ որտե՞ղ է նրանց մեքենան»: Քաղաքացու հարցին ի պատասխան ոստիկանները պարզաբանեցին, որ դա արվում է «երթևեկությունը թեթևացնելու համար», մինչդեռ թե՛ տարածքում գտնվող մարդիկ, թե՛ սրճարանի աշխատողները գիտեին, որ դա արվում է մասնավոր հարսանիքի համար, որը պետք է տեղի ունենար Կասկադի հատվածի շենքերից մեկում:

Նշված քաղաքացին զանգահարել է նաև Ճանապարհային անվտանգ երթևեկության խաթարման «թեժ գիծ»՝ պարզաբանում ստանալու, որից հետո ոստիկանների ուղեկցությամբ քաղաքացիական հագուստով մարդիկ մոտեցել են նրան, լուսանկարել և սպառնացել, որ «կես ժամում կիմանան՝ ով է նա, և նրա ոտքն այլևս Կասկադ չի մտնի»: Բացի այդ, քաղաքացուն անվանել են «միջոցառման չուզող»:

«Թեժ գծից» մի քանի րոպե անց հետ զանգահարեցին բողոքող քաղաքացուն՝ ասելով, որ նրա մեքենան կարող է շարունակել մնալ նույն տեղում: Իսկ մնացած մեքենաները տարածքից հանվեցին, որից հետո նրանց տեղը զբաղեցրին «միջոցառման» համար եկած մեքենաները:

PAN-ը փորձեց ստանալ ՀՀ ոստիկանության մեկնաբանությունը դեպքի առթիվ՝ ներկայացնելով իրավիճակը լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանին: Վերջինս խնդրեց իրեն մոտ կես ժամ տրամադրել՝ հասկանալու, թե ինչ է կատարվել Կասկադում: Այդ ժամանակը լրանալուն պես, նա նշեց. «Դա եղել է իրավիճակային խնդիր, որը կարգավորվել է ոստիկանության ծառայողների կողմից»: Այլ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---