Սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության ռիսկերը կնվազեցվեն

Սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության ռիսկերը կնվազեցվեն

PanARMENIAN.Net - Սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության ռիսկերի նվազեցմանն ուղղված հարցեր են քննարկվել ԱԻՆ-ում էքստրեմալ զբոսաշրջությունը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել են Հայաստանում սպորտային և էքստրեմալ զբոսաշրջությունը ներկայացնող մի շարք կազմակերպությունների հիմնադիրներ և տնօրեններ (Savage of Sevan, «Յելլ Էքստրիմ պարկ», Հայաստանի Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիա, «Sky-ակումբ», «Հայ լեռնագնացների միություն» ասոցիացիա):

Քննարկվել են սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության անվտանգության և ռիսկերի նվազեցման գործընթացում ՀՀ ԱԻՆ-ի հետ համագործակցությունն ակտիվացնելու և համատեղ ծրագրեր մշակելու ՀՀ վարչապետի հանձնարարականի իրականացման ուղիները:

Անդրադառնալով սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության սիրահարների համար հնարավորինս անվտանգ պայմանների ստեղծման և դժբախտ պատահարի դեպքում արագ և գրագետ արձագանքում ապահովելու հնարավորություններին՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ունենալ միջոցառումների և երթուղիների ընդհանուր ճանապարհային քարտեզ: Դա թույլ կտա ՀՀ ԱԻՆ «911» և «112» ծառայություններին արձագանքում ապահովելիս ավելի արագ որոշել տուժածների տեղակայման վայրը:

Քննարկվել են նաև ոլորտում գործող կազմակերպությունների աշխատակիցների վերապատրաստման հարցերը, որպեսզի վերջիններս կարողանան առաջին օգնություն ցուցաբերել նախքան փրկարարների ժամանումը:

Կողմերն անդրադարձել են նաև սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության ապահովագրման խնդիրներին. ԱԻ նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ ապահովագրական դաշտի առկայությունը մեծապես կնպաստի բնագավառում ռիսկերի նվազեցման գործընթացին, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում երկու նախարարությունների և ոլորտի ներկայացուցիչների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ծրագրեր մշակել սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության զարգացման ոլորտում առկա վտանգների ռիսկի նվազեցման վերաբերյալ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---