Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում միջադեպի գործով ձերբակալված կա

Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում միջադեպի գործով ձերբակալված կա

PanARMENIAN.Net - Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է անկարգությունների կատարմանն անմիջական մասնակցություն ունեցած անձանցից մեկի ինքնությունը, ով ձերբակալվել է։

ՔԿ-ն բնորոշում է նրանց որպես Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի մի խումբ մասնակիցներ։ Ինքը Փաշինյանը հայտարարել էր, որ նրանք սադրիչներ են, որոնք կապ չեն ունեցել ցույցի հետ։ Միջադեպը տեղի էր ունեցել ընդդիմության հանրահավաքից ու ելքի ավարտից հետո։

Ըստ հաղորդագրության, նշված անձինք 2018 թվականի ապրիլի 17-ի ուշ երեկոյան Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում կոտրել են նշված տարածքում գտնվող ցուցանակները, լուսաֆորները և ճանապարհային նշանները, այնուհետև քարերով, մետաղյա իրերով հարվածներ հասցրել նշված վայր մոտեցած ոստիկանության երեք ծառայողական ավտոմեքենաներին՝ պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ 2018 թվականի ապրիլի 18-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով, որը նույն օրը, նախաքննություն կատարելու նպատակով, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Քննություն է տարվում անկարգություններին անմիջական մասնակցություն ունեցած բոլոր անձանց հայտնաբերելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ, հայտնում է ՀՀ Քննչական ծառայությունը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---