ԵԽ Նախարարների կոմիտեն պահանջել է պատժել Բաքվից կաշառք ստացած պատգամավորներին

ԵԽ Նախարարների կոմիտեն պահանջել է պատժել Բաքվից կաշառք ստացած պատգամավորներին

PanARMENIAN.Net - Եվրախորհրդի նախարարների կոմիտեն պահանջել է անհապաղ և խիստ պատիժ սահմանել Վեհաժողովի եվրոպացի այն պատգամավորների նկատմամբ, որոնք, ըստ վերջին հետաքննության, թանկարժեք նվերներ ու դրամական պարգևներ են ստացել Ադրբեջանի իշխանություններից:

Մոտ երկու շաբաթ առաջ Ստրասբուրգում հրապարակվեց եվրոպացի 3 պաշտոնաթող դատավորների հատուկ զեկույցը, ըստ որի, տասնյակ պատգամավորներ տևական ժամանակ կաշառքի դիմաց աչք են փակել Ալիևի վարչակազմի ապօրինությունների վրա, քվեարկել Բաքվի համար նախընտրելի բանաձևերի օգտին ու լռության մատնել մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Զեկույցի հրապարակումից շուրջ 10 օր անց, ըստ «Նյու Յորք Թայմզից», նախարարների կոմիտեի նախագահ, Դանիայի արտգործնախարար Անդերս Սամուելսենը նամակ է հղել Վեհաժողովի նախագահ Միքելե Նիկոլետիին՝ պնդելով, որ Վեհաժողովը դանդաղում է մեղավորներին պատժելու հարցում:

«Մտահոգիչ է, որ որոշ պատգամավորներ շարունակական ջանքեր են գործադրում՝ կոռուպցիայի մասին վկայող այդ փաստերից ուշադրություն շեղելու, կամ մեղադրանքները մեղմելու ուղղությամբ», - գրել է Նախարարների կոմիտեի նախագահը:

Նա հավելել է.«Վեհաժողովը պետք է արձագանքի անհապաղ և վճռական, հակառակ դեպքում համարժեք քայլեր կձեռնարկեն Եվրախորհրդի անդամ երկրների կառավարությունները»։

Տասն ամիս շարունակված հետաքննությունը փաստել էր՝ Ադրբեջանի իշխանությունները տարիներ շարունակ ջանք չեն խնայել երկրում ժողովրդավարության զարգացմանն ու ընտրությունների ընթացքին հետևող եվրոպացիներին հաճոյանալու, նվերներ ու ծառայություններ մատուցելու համար:Ըստ 219 էջանոց զեկույցի, առավել մեծ տարածում են ունեցել հատկապես ընծաները՝ սև խավիարից մինչև թանկարժեք գորգեր ու ոսկյա զարդեր, դրամական պարգևներն ու անգամ թեթևաբարո աղջիկները՝ ճոխ հյուրանոցներում:«Այս փաստերն այլևս անվիճելի են», - զեկույցը ներկայացնելիս հայտարարել էր հետաքննող խմբի անդամ, բելգիացի պատգամավոր Պետրա դե Սուտերը։

Չնայած զեկույցում առկա փաստերին՝ եվրոպացի պատգամավորները հերքում են մեղադրանքները, էլ ավելի կոշտ է պաշտոնական Բաքվի արձագանքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---