«Գահերի խաղի» հեղինակները միանգամից մի քանի վերջաբան կարող են նկարահանել

«Գահերի խաղի» հեղինակները միանգամից մի քանի վերջաբան կարող են նկարահանել

PanARMENIAN.Net - Դերասանուհի Էմիլիա Քլարկը, որը «Գահերի խաղը» հայտնի սերիալի գլխավոր դերակատարներից է, ենթադրել է, որ ֆիլմի հեղինակները միանգամից մի քանի այլընտրանքային վերջաբան կնկարահանեն: Ըստ նրա, նկարահանման գործընթացն այնպիսին է, որ նույնիսկ դերասանները միշտ չէ, որ հասկանում են, թե կոնկրետ այդ պահին որ հատվածն է նկարահանվում:

«Ես հաճախ նույնիսկ չգիտեմ էլ, թե ինչ եմ անում նկարահանման հարթակում: Իսկապես: Կարծում եմ, նրանք միանգամից մի քանի վերջաբան կնկարահանեն՝ նրանք մեզ չեն ասում, թե ինչ է կատարվում: Հավանաբար՝ չեն վստահում նույնիսկ մեզ: Նորից եմ կրկնում՝ ես սա լուրջ եմ ասում»,-հայտարարել է Քլարկը, գրում է Bird in Flight-ը The Hollywood Reporter-ի վրա հղումով:

Թեև դերասանուհու խոսքերը ոչ ոք չի կարող 100 տոկոսով հաստատել, այնուամենայնիվ, պարբերականներից շատերը ենթադրել են, որ կարող է և այդպես լինել: 2017-ի սեպտեմբերին նմանատիպ վարկած էր առաջ քաշել HBO ներկայացուցիչ Քեյսի Բոյլզը: Նա ասել էր, որ «Գահերի խաղի» նման սիրված սերիալների դեպքում այլընտրանքային վերջաբանները գրեթե անփոխարինելի են՝ դա թույլ է տալիս պայքարել տեղեկատվության հնարավոր արտահոսքի և համացանցում հայտնվելու դեմ:

Եթե իրոք «Գահերի խաղի» մի քանի վերջաբան նկարահանվի, դա չի լինի առաջին անգամ: Նույն կերպ են վարվել, օրինակ, «Սոպրանոների կլանը» սերիալի դեպքում, ինչը թույլ է տվել մինչև վերջ գաղտնի պահել վերջին սերիաների բովանդակությունը:

«Գահերի խաղը» սերիալը HBO ալիքը ցուցադրում է 2011-ից: Կինոպատումի գրական հիմքը Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարն է:2018-ի հունվարի սկզբին HBO հեռուստաալիքը հաստատեց, որ «Գահերի խաղի» վերջին՝ 8-րդ, եթերաշրջանը թողարկվելու է 2019-ին, կոնկրետ ժամկետներ չնշելով: Հայտնի է, որ խաղաշրջանը բաղկացած կլինի 6 էպիզոդից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---