Բազմաթիվ քրեական «հեղինակություններ» և «օրենքով գողեր» ոստիկանության բաժիններ են բերվել (վիդեո)

Բազմաթիվ քրեական «հեղինակություններ» և «օրենքով գողեր» ոստիկանության բաժիններ են բերվել

PanARMENIAN.Net - Վերջին օրերին ոստիկանության բաժիններ ու ստորաբաժանումներ են բերվել բազմաթիվ, այսպես կոչված, քրեական «հեղինակություններ» ու «օրենքով գողեր»: Ինչպես ասվում է ոստիկանության հայտարարության մեջ, գործողությունը օպերատիվ տեղեկություններ ստուգելու, ինչպես և կանխարգելիչ բնույթ ու քրեածին իրավիճակի վերահսկելիությունը բարձրացնելու նպատակ ունի:

Նշվում է, որ հանրային իրավագիտակցության մեջ վերջնականապես պետք է ամրագրվի օրենքի առաջ բոլորի հավասարության և անպատժելիության բացառման հիմնարար սկզբունքը: Համակեցության կանոնները պետք է պարտադիր լինեն յուրաքանչյուրի համար` անկախ սոցիալական դիրքից, նյութական վիճակից և այլ հանգամանքներից:

«Այս գիտակցությունը պետք է ամրապնդվի ոչ միայն օրենքի ուժով, այլև մեր հանրային գնահատականով ու վերաբերմունքով: Պետք է մեկընդմիշտ գիտակցենք, որ օրենքն է գերակա բոլորիս նկատմամբ: Հուսանք, որ այսուհետ իրավագիտակցության այսպիսի աստիճան ու ընկալում կունենա և´ հանրությունը, և´ նրանք, ովքեր թյուր պատկերացում են ունեցել հասարակական հարաբերություններում քաղաքացու իրակա´ն տեղի ու դերի մասին»,-ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոստիկանության ղեկավար կազմին ոստիկանության նորանշանակ պետ Վալերի Օսիպյանին ներկայացնելիս, ձևակերպել էր այն խնդիրները, որոնք դնում է ՀՀ ոստիկանության առաջ. առաջինը՝ իրավակարգի և օրինականության ամբողջական և անվերապահ պահպանումն է, երկրորդը՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանությունը: Նա նշել էր նաև, որ Հայաստանի Հանրապետությունում քրեածին ակտիվությունը պետք է հասնի աննախադեպ ցածր մակարդակի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---