«Այբ»-ը կասկածում է ԿԳՆ-ի եզրակացության անաչառության վրա

«Այբ»-ը կասկածում է ԿԳՆ-ի եզրակացության անաչառության վրա

PanARMENIAN.Net - «Այբ»-ի հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն է տարածել դպրոցի, հիմնադրամի ու Կրթության գերազանցության ազգային ծրագրի շուրջ հիմնադրամի ու կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի միջև ծագած կոնֆլիկտի վերաբերյալ, որում կասկածի տակ է առել նախարարի հանձնարարած ստուգումների անաչառությունը։

«ԿԳ նախարարի 2018 թ․ մայիսի 21-ի N 373-Ա հրամանով հանձնարարվել է «Այբ» կրթական հիմնադրամում «Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացում» ծրագրի նախնական և ընթացիկ արդյունքների համապատասխանության գնահատման ուսումնասիրություն իրականացնել, մինչդեռ ուսումնասիրությունը հանրային հարթակում ներկայացվել է որպես ֆինանսական աուդիտ։ Մասնավորապես, մտահոգված ենք այն հանգամանքով, որ, դեռևս չունենալով ուսումնասիրության եզրակացությունը, տրվում է կանխակալ որակում, որն ամենայն հավանականությամբ կարող է բացասական ազդեցություն ունենալ ստացվելիք եզրակացության անաչառության և օբյեկտիվության վրա։ Առավել ևս, երբ ուսումնասիրությունն իրականացվում է նախարարության կողմից, այլ ոչ` անկախ երրորդ կողմի։ Ուստի առկա են լրջագույն կասկածներ, որ տրվելիք եզրակացությունը բխելու է նախարարի արդեն իսկ արած հայտարարության ենթատեքստից», - ասվում է հայտարարությունում:

«Այբի» ու Արայիկ Հարությունյանի միջև հրապարակային բանավեճը սկսվել էր այն բանից հետո, երբ Հարությունյանը հայտարարել էր, որ պետությունն այլևս չի ֆինանսավորելու մասնավոր դպրոցները՝ «տեր մեսրոպներին» (ակնարկելով «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանին - խմբ) միլիոններ հատկացնելով։ Ի պատասխան «Այբը» հայտարարել է, որ դպրոցը երբեք չի ստացել պետական միջոցներ՝ գումարը հատկացվել է Արարատյան բակալավրիատի ծրագրին, իսկ դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը ասել էր, որ նախարարը գրոհել է հիմնադրամն առանց բովանդակային քննարկման ու ուզում է կտրել երկրում լավ կրթություն ունենալուն միտված ծրագրի թևերը։ Հարությունյանը ի պատասխան հայտարարել էր, որ հանձնարարել է կազմակերպել ֆինանսական աուդիտ ու կխոսի դրա արդյունքներից հետո, կարծիք հայտնելով, որ Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է։

«Նախարարի հայտարարությունները և գնահատականները պետք է հնչեն միայն ուսումնասիրությունից հետո և հնչեն միայն հարցի առարկա Կրթության գերազանցության ազգային ծրագրի վերաբերյալ, այլ ոչ ընդհանրական՝ «Այբ»-ի։ Միաժամանակ փաստում ենք, որ «Այբ» կրթական հիմնադրամը, օրենքով սահմանված կարգով, յուրաքանչյուր տարի անցնում է անկախ ֆինանսական աուդիտ։ Ֆինանսական աուդիտը վերջին երկու տարիներին իրականացվել է KPMG Armenia կողմից։ Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը և ֆինանսական հաշվետվությունը սահմանված կարգով հրապարակված են ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում և հիմնադրամի կայքում», - շեշտում է հոգաբարձուների խորհուրդը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---