Տեր-Պետրոսյան. Այն, ինչ եղավ ՀՀ-ում, անթույլատրելի է Ղարաբաղում

Տեր-Պետրոսյան. Այն, ինչ եղավ ՀՀ-ում, անթույլատրելի է Ղարաբաղում

PanARMENIAN.Net - Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում: Այդ մասին iLur.am կայքում հրապարակված ուղերձում ասել է ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցող բողոքի ակցիաներին։

«Նկատի ունեմ բողոքի զանգվածային գործողությունները և ճնշումները ԼՂՀ իշխանությունների վրա: Պատերազմական վիճակում գտնվող պետության համար դրանք կարող են աղետալի հետևանքներ ունենալ: Փակագծերը չեմ ուզում բացել, հետևանքները, վստահաբար, պարզ են ցանկացած բանական մարդու համար:

Որ զանգվածային բողոքի առիթ հանդիսացած միջադեպի մեղավորները խստագույնս պետք է պատժվեն, ոչ ոք չի կարող առարկել. այս կապակցությամբ ԼՂՀ նախագահը ևս հստակ հավաստիացում է տվել: Սակայն ուժային կառույցների` ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների հրաժարականի պահանջի կատարումը ծանր հարված կլինի ԼՂՀ իշխանական համակարգին, ինչից չեն հապաղի օգտվել մեր հակառակորդները: ԼՂՀ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը Բանակից հետո Ղարաբաղի անվտանգության ապահովման կարևորագույն հաստատություններն են, որոնց չի կարելի ցնցումների ենթարկել»,-ասվում է հոդվածում:

Նա նշել է, որ քանի որ պահանջները հասցեագրված են Բակո Սահակյանին, նրա խոսքը, որքան էլ հեղինակավոր, համոզիչ չի լինի բողոքավորների համար: «Անհրաժեշտ է մի երրորդ, չեզոք կողմի ակտիվ միջամտությունն ու հորդորը` Ղարաբաղի ներքաղաքական կայունությունը վերականգնելու և պետական մեքենայի անխափան գործունեությունն ապահովելու համար: Այդ կողմը դեռևս 1993 թվականից իրեն պաշտոնապես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր հայտարարած երկրի` Հայաստանի Հանրապետության ղեկավարն է` Նիկոլ Փաշինյանը»,-գրել է առաջին նախագահը:

Լևոն Տեր-Պետրոսյանը հիշեցրել է, որ նման մի իրավիճակ Լեռնային Ղարաբաղում ստեղծվել էր 1993 թվականին, ինչը հարթելու համար ինքը և Վազգեն Սարգսյանը, ուղղաթիռով մեկնել ենՍտեփանակերտ՝ ԼՂՀ ղեկավարների հետ լուրջ խորհրդակցությունների միջոցով շատ արագ լուծելով իշխանության ամրապնդման և երկրի կայունության ապահովման խնդիրը:

«Հուսանք, որ այս անգամ էլ նույնը կհաջողվի: Այդ գործում իրենց ազդեցությունը Ղարաբաղում պարտավոր են օգտագործել նաև Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Սամվել Բաբայանը, նույնիսկ վերջինիս անհապաղ ազատ արձակման միջոցով: Բոլոր հակասությունները մի կողմ դնելով` Բակո Սահակյանին մենակ չպետք է թողնել»,-ասվում է հոդվածում։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների:

Հունիսի 1-ինՍտեփանակերտում ԱՀ ԱԱԾ մի խումբ զինծառայողներ «կենցաղային հողի վրա» ծեծի են ենթարկել երկու քաղաքացու: Ծեծի ենթարկված երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ծանրացնող հանգամանքներում խուլիգանության հանցակազմով (ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր), քրեական գործի շրջանակներում արդեն իսկ կան ձերբակալվածներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---