Թուրքիան մտադիր է երկաթուղի կառուցել դեպի Նախիջևան

Թուրքիան մտադիր է երկաթուղի կառուցել դեպի Նախիջևան

PanARMENIAN.Net - Թուրքիան երկաթուղի կկառուցի դեպի Նախիջևան՝ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու նախագծման աշխատանքները կսկսվեն 2018-ի ավարտին կամ 2019-ի սկզբին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և կոմունիկացիաների նախարար Ահմետ Արսլանը Անադոլու գործակալությանը:

Նոր տրանսպորտային նախագիծը ենթադրում է 224 կմ երկարությամբ երկաթգծի կառուցում: Երկաթուղին հաշվարկված կլինի արագընթաց գնացքների գործարկման հեռանկարով, որոնք ժամում մինչև 160 կմ արագություն են բացում:

Ըստ նախարարի, նոր երկաթուղին կմիանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն, հետագայում Կապիկկուլե-Կարս գծին միանալու հեռանկարով, որը հատում է Թուրքիայի ամբողջ տարածքն արևելքից արևմուտք, հայտնում է Haqqin.az-ը:

«Դեպի Նախիջևան և Իրան նոր գիծը կարևոր նշանակություն կունենա տարածաշրջանում բեռնափոխադրումների աճի տեսակետից»,-ասել է Արսլանը:

2017-ի հոկտեմբերի 30-ին Բաքվում տեղի ունեցավ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման հանդիսավոր արարողությունը, որին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով, ներկա էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

800 կմ երկարություն ունեցող երկաթուղու մոտ 500 կմ-ն անցնում է Ադրբեջանի, 300 կմ-ն՝ Վրաստանի, 50 կմ-ն՝ Թուրքիայի տարածքով։Նախատեսվում է, որ սկզբնական փուլում երկաթուղին կտեղափոխի տարեկան 1 մլն ուղևոր և 6,5 մլն տոննա բեռ։ Հետագայում նախատեսվում է ծավալը հասցնել 15-17 մլն-ի։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---