ՀՀ-ում կարող է իտալերենի խորացված ուսուցմամբ դպրոց հիմնադրվել

ՀՀ-ում կարող է իտալերենի խորացված ուսուցմամբ դպրոց հիմնադրվել

PanARMENIAN.Net - Հայաստանը գործնական քայլեր կիրականացնի ինչպես իտալերեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնադրման, այնպես էլ միջբուհական համագործակցության և կապերի զարգացման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի հետ հանդիպմանը:

Հանդիպման առանցքում եղել է հայ-իտալական կրթական համագործակցության զարգացման հետ կապված հարցերը, մասնավորապես իտալերեն լեզվի ուսուցման արդյունավետության բարձրացումը և Հայաստանում խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնադրման հնարավորությունները: Ողջունելով դեսպանին՝ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կրթության ոլորտի առաջնահերթություններից է օտար լեզուների ուսուցման արդյունավետության բարձրացումը:

Դեսպան Դել Մոնակոն նշել է, որ բացի քաղաքական, տնտեսական համագործակցությունից՝ կարևորագույն դեր ունի կրթության ոլորտի զարգացումն ու այդ ոլորտում համագործակցությունը: Դեսպանի խոսքով, կրթության ոլորտում իրականացվող գործունեությունը միտված է ապագային: Դեսպանը վերահաստատել է իտալական կողմի պատրաստակամությունը Հայաստանում իտալերեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցի ստեղծմանը, ինչպես նաև «Դանթե Ալիգիերի» կրթամշակութային կենտրոնի հիմնադրմանն աջակցելու ուղղությամբ, հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցեր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---