Հայրենիքը պաշտպանելիս հաշմանդամություն ստացած զինծառայողները մինչ կարգը որոշելը ամսական 100.000 դրամ կստանան

Հայրենիքը պաշտպանելիս հաշմանդամություն ստացած զինծառայողները մինչ կարգը որոշելը ամսական 100.000 դրամ կստանան

PanARMENIAN.Net - Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նոր ծրագիր է հաստատել: Ըստ ծրագրի՝ եթե զինծառայողը հայրենիքի պաշտպանության ժամանակ ստացել է հաշմանդամություն, ապա նախքան իրավական ընթացակարգով հաշմանդամության կարգը որոշելը և հատուցում տրամադրելը, հաշմանդամություն ձեռքբերած զինծառայողը յուրաքանչյուր ամիս կստանա 100.000 դրամ՝ որոշակի ծախսեր հոգալու համար:

Հունիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, ղեկավարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն 2018-ի մարտից առ այսօր իրականացված հատուցումների և նվիրաբերությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ հաշվետու ժամանակահատվածում կատարվել է 11 դեպքերի հատուցում, որոնցից 9-ը զոհված, իսկ 2-ը՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ այս պահի դրությամբ հավաքագրված գումարն արդեն հատել է 9 մլրդ, իսկ կատարված ընդհանուր հատուցումները՝ 523 մլն դրամը: Ծրագիրը հաջողությամբ շարունակում է գործել՝ հանրության առջև հաշվետու լինելու և բացառիկ թափանցիկության սկզբունքով:Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է նաև հիմնադրամին նվիրաբերություններ կատարելու նոր եղանակները, որոնք ստացել են «Ի հիշատակ» և «Ի պատիվ» պայմանական անվանումները: Այս ձևով նվիրաբերություններ կատարելու կարգը և մանրամասները ներկայացված են հիմնադրամի www.1000plus.am կայքում:

Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել է նաև 2018-ի աշխատանքների ժամանակացույցը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել «Հիմնադրամի դեսպաններ» նախագծի ընթացքին, ըստ որի՝ առաջարկվում է արտերկրի մեծաթիվ հայ համայնք ունեցող քաղաքներում ունենալ Հիմնադրամի աշխատանքներին ակտիվորեն ներգրավված անձինք, ովքեր կաշխատեն սփյուռքի կառույցների հետ՝ առավել մանրամասն ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը:

2016 թ. դեկտեմբերին խորհրդարանն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը, որն ուժի մեջ մտավ 2017-ի հունվարի 1-ին: Համաձայն օրենքի՝ 2017թ հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարում այս հիմնադրամին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---