Համայնքապետերի չարաշահումների փաստով 71 քրգործ կա. 75 մլն դրամի վնաս է հասցվել

Համայնքապետերի չարաշահումների փաստով 71 քրգործ կա. 75 մլն դրամի վնաս է հասցվել

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազությունում համայնքապետերի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումների, պաշտոնեական կեղծիքների, պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություններ կատարելու, կաշառք ստանալու և այլ հանցագործությունների վերաբերյալ քննվում է 71 քրեական գործ: Հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

Նշված քրեական գործերից 23-ով քրեական հետապնդում է հարուցվել 23 համայնքապետի նկատմամբ: Ընդհանուր 71 քրեական գործով պետությանը պատճառված վնասը կազմում է մոտ 75 մլն դրամ, որից ներկա դրությամբ նախաքննության ընթացքում վերականգնվել է 25,5 մլն դրամը:

Գործերը հիմնականում քննվում են համայնքապետերի կողմից համայնքապետարանում կամ դրա կազմակերպություններում ձևական աշխատակիցներ գրանցելու, նրանց անվան տակ աշխատավարձեր դուրս գրելու և յուրացնելու, պետական ծրագրերի շրջանակներում գյուղացիներին արտոնյալ պայմաններով սերմեր կամ պարարտանյութ տրամադրելու գործընթացում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացումներ կատարելու, շինարարության կամ վերանորոգման գործընթացներում չարաշահումների, բնակիչներին սոցիալական օգնություն տրամադրելու անվան տակ համայնքային միջոցների յուրացման, կեղծ աճուրդներ կազմակերպելու արդյունքում համայնքին պատկանող հողերը ակնհայտ ցածր գներով իրենց հարազատներին օտարելու, կաշառակերության և կոռուպցիոն այլ դրսևորումների վերաբերյալ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---