320 ընդերքօգտագործող ավելի քան $1 մլն-ի տուրք չի վճարել

320 ընդերքօգտագործող ավելի քան $1 մլն-ի տուրք  չի վճարել

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազությունը ընդերքօգտագործողների՝ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների գծով պարտավորությունների կատարման գործընթացի ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ 2018 թվականի հունիսի 5-ի դրությամբ թվով 320 ընդերքօգտագործող մոտ 523 մլն դրամի կամ ավելի քան $1 մլն-ի պարտավորություն չի կատարել: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

Նշվում է, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից հանձնարարվել է ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ պարզելու ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման վճարների գծով պարտավորությունների չկատարման պատճառները, պարտավորությունների կատարումից միտումնավորր խուսափելու հնարավոր մեխանիզմների առկայությունը, ինչպես նաև՝ իրավասու պետական մարմինների հետ ձեռնարկել գործուն քայլեր չվճարված միջոցները վերականգնելու ուղղությամբ:

Դատախազը դիմել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ ռեկուլտիվացիոն վճարների գծով չկատարված պարտավորությունների վճարումների ընթացքի և գանձման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունն ստանալու համար:

«Դրանց վերլուծության արդյունքներից ելնելով՝ անհրաժեշտության դեպքում կկիրառվեն դատախազական ներգործության բոլոր միջոցները՝ ինչպես պարտավորությունների չկատարման պատճառներին իրավական գնահատականներ տալու, այնպես էլ միջոցների վերականգնման նպատակով պետական շահերի պաշտպանության հայցերի հարուցման գործընթաց ապահովելու ուղղությամբ», - նշվում է դատախազության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---