ԱՆ. Սրտի անհետաձգելի ստենտավորումը կկատարվի պետպատվերով

ԱՆ. Սրտի անհետաձգելի ստենտավորումը  կկատարվի պետպատվերով

PanARMENIAN.Net - Պետպատվերի շրջանակում սրտի անհետաձգելի վիրահատություններն այսուհետ կկատարվեն դեղապատ ստենտով. եռակողմ փոխըմբռնման հուշագիր է կնքվել առողջապահության նախարարության, ստենտավորման պարագաների 10 մատակարարի և պետպատվերի շրջանակում ստենտավորման ծառայություններ մատուցող 11 բժշկական հաստատության միջև, հայտնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նշվում է, որ հուշագրով նպատակ է դրվում ապահովել պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով մատուցվող ստենտավորման ծառայությունների առավել մատչելի գներով և առավել որակյալ ապրանքներով մատուցումը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով, թե նախարարության ուսումնասիրությունները, թե քաղաքացիների արձագանքները հիմք են դարձել, որպեսզի մենք փոխենք պետպատվերի շրջանակում սրտի անհետաձգելի վիրահատությունների չափորոշիչները:

«Սրտի կորոնար անոթների անհետաձգելի վիրահատությունները մինչ այժմ կատարվել են ոչ դեղապատ ստենտով, իսկ հիմա դրանք բոլոր դեպքերում կկատարվեն դեղապատ ստենտով՝ բացառությամբ դեղապատ ստենտի հակացուցումներ ունեցող դեպքերի»,- նշել է նախարարը:

Ծրագրով նախատեսվում է տարեկան իրականացնել 3625 վիրահատություն (ներառյալ զինծառայողների և սոցփաթեթի շահառուների վիրահատությունները):

Շահառուների փոփոխության դեպքում վիրահատությունների քանակը կարող է փոփոխվել: Իսկ միայն «Ստենտ ֆոր լայֆ» ծրագրի շրջանակներում ծրագրի մեկնարկից ի վեր՝ 2015 թվականից սկսած, անհետաձգելի դեպքերում տարեկան միջինում վիրահատվել է 1500 մարդ:

Նախարարը հանդիպման ժամանակ ստենտավորման ծառայություններ մատուցող բուժհաստատությունների ղեկավարներին կոչ է արել վերանայել նաև վճարովի ծառայությունների գները: «Ճիշտ է՝ դա ձեր իրավունքն է, բայց այդ դեպքում կշահենք բոլորս»,-շեշտել է Արսեն Թորոսյանը:

Հուլիսի 1-ից պետպատվերի շրջանակում ստենտավորման ծառայությունները դեղապատ ստենտի կիրառմամբ կիրականացվեն 750.000 դրամով՝ նախկին 1,8 մլն դրամի փոխարեն: Նախատեսվում է, որ ծրագրի շրջանակում պետբյուջեի միջոցներից տարեկան խնայողությունը կկազմի ավելին քան 400 մլն դրամ: Խնայված միջոցները կուղղվեն ստենտավորման ծառայությունների և շահառուների ավելացմանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---