«Փյունիկը» կարող է Ռուբեն Հայրապետյանի դեմ հայց ներկայացնել դատարան

«Փյունիկը» կարող է Ռուբեն Հայրապետյանի դեմ հայց ներկայացնել  դատարան

PanARMENIAN.Net - «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը կարող է դիմել սպորտային արբիտրաժային դատարան՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործողությունների և դրա նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ առնչություն ունեցող «Ավանի Ակադեմիա» ֆուտբոլային ակումբի ստեղծման հետ կապված, այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ 2017/2018 մրցաշրջանի վերջում ակումբի սեփականատերերը որոշել են փոխել ակումբի անունը. նախատեսվում էր, որ նոր մրցաշրջանում թիմը կրելու է «ՖԱ Երևան» անվանումը:

«Անունների փոփոխության համաձայնեցման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարվել են: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակավ հաստատել է, որ ողջունում է որոշումը: Մենք ներգրավել ենք երկրպագուներին ակումբի նոր տարբերանշանի ստեղծման համար, ՀՖՖ ներկայացնելու համար պատրաստել բոլոր փաստաթղթերը, բայց 2018 թվականի հուլիսի 13-ին ակումբը ծանուցում է ստացել, որ իրավունք չունի օգտագործել «ՖԱ Երևան» անունը, քանի որ Առաջին լիգա է հայտավորվել «Երևան» անվամբ ակումբ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ վերոհիշյալ ակումբը ամբողջությամբ կազմված է 2001 թվականին ծնված ֆուտբոլիստներից։ Վերջիններս «Փյունիկի» ակադեմիայի սաներն են, որոնք 1 տարով փոխանցվել էին «Ավան Ակադեմիային» 2017/18 մրցաշրջանում Առաջին լիգայում հանդես գալու համար։

«Առաջնության ավարտին բոլոր խաղացողները պետք է վերադառնային «Փյունիկ» ակումբ: Մենք բազմիցս դիմել ենք «Ավանի Ակադեմիայի» ղեկավարությանը` հորդորելով կատարել համաձայնագրի պահանջները։ Սակայն մեր բոլոր կոչերը ոչ միայն անպատասխան են մնացել, այլեւ առանց մեզ հետ համաձայնեցնելու մեր խաղացողներին ուղարկել են նոր թիմ՝ «Երևան»։ Մենք նման գործողությունները համարում ենք ոչ կոռեկտ և հակաիրավական։ Եթե մոտ ժամակներս «Փյունիկ» ակումբի բոլոր խաղացողները չվերադառնան, մենք ստիպված կլինենք դիմել սպորտային արբիտրաժային դատարան», - նշվում է ակումբի պաշտոնական կայքում:

Ըստ ակումբի, 2018 թվականի հուլիսի սկզբին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրահանգով ակումբին մերժել են նաև Եվրոպա լիգայի որակավորման խաղերի համար նախապատրաստվել ՀՖՖ տեխնիկական ակադեմիայում՝ «չնայած ժամկետների նախնական համաձայնությանը»:

«2018 թ. հուլիսի 7-ին պարոն Հայրապետյանը հանձնարարել է 24 ժամվա ընթացքում ազատել Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի 4/7 հասցեում գործող մանկապատանեկան ֆուտբոլային մարզադպրոցի տարածքները եւ փակեց ֆուտբոլի դաշտերի մուտքը, ինչպես նաև երեխաների եւ մարզիչների առաջ փակեց հանդերձարանների դռները՝ չնայած ըստ նախնական համաձայնության՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբն այդ տարածքները երկարաժամկետ օգտագործելու իրավունք ունի։ Ավելի քան 700 երեխա և 40 արհեստավարժ մարզիչ զրկվել են մարզումներ անցկացնելու իրենց հնարավորություններից, ինչպես նաև ֆուտբոլային հանդիպումներ անցնկացնելուց: Սա էլ այն դեպքում, երբ մեր դպրոցի սաները Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների կորիզն են կազմում: Ոչնչացման եզրին է մեր օրերում ամենահայտնի մարզադպրոցը, որտեղից դուրս են եկել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Հենրիխ Մխիթարյանը, Էդգար Մանուչարյանը և այլ շատ հայտնի և տաղանդավոր հայ ֆուտբոլիստներ, ովքեր տարիներ շարունակ բարձր են պահում մեր երկրի անունը ամբողջ աշխարհում: Եվ այս ամենը կատարվում է Մ19 տարեկանների Եվրոպայի առաջնության նախաշեմին, որը անցկացվելու է հենց Հայաստանում», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ «Փյունիկի» նկատմամբ նման գործելաոճը շարունակելու դեպքում, «ստիպված կլինեն հայտարարել անվստահություն ՀՖՖ-ի ղեկավարության հանդեպ և բարձրացնել ՀՖՖ նախագահի փոփոխության հարցը»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---