«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետի ընտանիքը

«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետի ընտանիքը

PanARMENIAN.Net - «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկը կհյուրընկալվի վարչապետի ընտանիքում: Այդ մասին հայտարարել է սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում:

Նա հավելել է, որ 2018-ին Հայաստան այցելող սփյուռքահայ երիտասարդների ու պատանիների աննախադեպ թիվ է գրանցվել՝ Հայաստան կգա 500 պատանի, նրանց տեղավորելու խնդիր կա: Նախարարն ակնկալում է, որ նրանց հյուրընկալելու ցանկություն ունեցող ընտանիքներ էլի կլինեն:

Ծրագրի մասնակիցները 13-21 տարեկան են՝ աշխարհի տարբեր երկրներից:

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր հերթին իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ սպասում են հյուրին և կոչ արել մյուս ընտանիքներին ևս հյուրընկալել սփյուռքահայ երեխաներին:«Սպասում ենք մեր հյուրին, հուսով ենք, որ մեր երեխաները կընկերանան նրա հետ»,-գրել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը մեկտեղվել են նոր ծրագրում, որը կոչվում է «Քայլ դեպի տուն»: Ծրագիրն անցկացվելու է օգոստոսի 10-24-ը:

Ավելի վաղ սփյուռքի նախարար Մխիթար Հարյապետյանը հայտարարել էր, որ «Արի տուն» ծրագիրը ժամանակավորապես հետաձգվելու է, քանի որ կասկածներ կան, որ «փողեր են մսխվել»: «Ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուրի ճաշի համար 4000 դրամ է տրամադրվել. գառ պիտի մատուցեի՞ն ամեն մի երեխային, սև խավիա՞ր», -ասել է Հայրապետյանը՝ հավելելով, որ ըմբռնումով են մոտենալու ծրագրի համար դեպի Հայաստան արդեն ավիատոմս գնած ծնողների դժգոհությանը: Ըստ նախարարի, ամեն ինչ ուղղված է նախարարության փողերը նպատակադրված ծախսելուն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---