Վարչապետն ընդունել է Ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքներին

Վարչապետն ընդունել  է Ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքներին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Ինձ համար պատիվ է ձեզ հետ հանդիպելը: Ուզում եմ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել ձեզ՝ ձեր զավակների հերոսության և անձնազոհության համար: Հավատում եմ, որ նրանց պահվածքը, խիզախությունն առաջին հերթին դաստիարակվել է ընտանիքում: Անկեղծ ասած, նախատեսում էի ավելի շուտ հանդիպել ձեզ, բայց ուզում էի նաև հանդիպումը հետաձգել, որպեսզի ինչ-որ սփոփող որոշում կայացված լիներ, որից հետո այս հանդիպումը տեղի ունենար: Այդ որոշումը կայացվեց երկու շաբաթ առաջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ խոսքը վերաբերում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թվի ընդլայնմանը, ինչը հնարավորություն կտա աջակցություն ստանալ նաև 2015 թվականի հունվարից հետո տեղի ունեցած դեպքերի հետևանքով հաշմանդամություն ստացած անձանց և զոհված զինծառայողների ընտանիքներին:

Վարչապետը նշել է, որ Ապրիլյան պատերազմի հետ կապված հանցագործություններ են տեղի ունեցել:

«Արդեն ունենք այդպիսի բացահայտումներ, և բոլորին հայտնի դրվագը, որը ամենախոշոր և առաջին կոռուպցիոն բացահայտումներից է, հենց ուղիղ Ապրիլյան պատերազմի մասին էր, թե ինչպես օգնությունը, այդ թվում՝ տեխնիկան, զինվորներին չի հասել: Կարծում եմ՝ բոլորս էլ գիտենք, որ այդ գործերը քննելու ոչ մի խոչընդոտ չի լինելու: Բայց, այնուամենայնիվ, այդ քննությունները չպետք է որևէ կերպով ստվեր գցեն մեր զինված ուժերի և բանակի վրա, որովհետև բոլորս էլ գիտենք, և ակնհայտ է, որ բարեխիղճ, անձնազոհ սպաների և զինվորների թիվը մեծ է, և ես համոզված եմ, որ մեր զինված ուժերի և՛ բարձրաստիճան, և՛ միջին օղակի, և՛ ենթասպայական, և՛ շարքային կազմի շատ մեծ մասը սեփական ծառայության իմաստը, նպատակը և առաքելությունը գիտակցող մարդիկ են և շատ փոքր թվով մարդիկ են, ովքեր հակառակ տրամաբանությամբ են առաջնորդվում: Ընդհանրապես այդ հետաքննությունները, կարծում եմ, Հայաստանի պետականության հեղինակությունը բարձրացնելու նպատակ ունեն, և ոչ թե հակառակը», - նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության հասնելու համար պետք է բոլորը գնան բանակ, ծառայեն, բանակից չխուսափեն, իսկ ոմանք էլ կաշառք չվերցնեն և մարդկանց ապօրինի չազատեն բանակից:

«Եթե Հայաստանի Հանրապետությունում կա զինկոմ, ով ձեռքը երկարացնում է և փող է վերցնում՝ ինչ-որ մեկին բանակից ազատելու համար, պետք է խստագույնս պատժվի. նա ընդհանրապես իրավունք չունի Հայաստանի զինված ուժերի սպայի կոչումը կրել»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Զոհված զինծառայողների ծնողները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելու և իրենց խնդիրները լսելու համար: Նրանք համոզմունք են հայտնել, որ իրականացված թավշյա հեղափոխութան և տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի լիարժեք բացահայտել մի շարք, այդ թվում՝ քառօրյա պատերազմի ընթացքում իրականացված հանցագործությունները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---