Գրիգորյան. 2018-ի ամռանը աննախադեպ ծավալի էլեկտրաէներգիա է սպառվել

Գրիգորյան. 2018-ի ամռանը աննախադեպ ծավալի էլեկտրաէներգիա է սպառվել

PanARMENIAN.Net - 2018-ի ամռանը գրանցվել է անկախ Հայաստանի պատմության մեջ էլեկտրաէներգիայի աննախադեպ սպառում: Այդ մասին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, գրում է Shantnews-ը:

«Այս տարի ամռանն ունեցանք էլեկտրաէներգիայի աննախադեպ սպառում՝ անկախ Հայաստանի պատմության մեջ երբեք չէր եղել, որ ամռան ամիսներին Հայաստանի ներքին շուկայի էլեկտրաէներգիայի սպառումը օրական ծախսով հասներ 1030 մեգավատի: Նմանատիպ ծախս ունեցել ենք հիմնականում Նոր տարվա օրերին, բայց ոչ ամռանը: Սա պայմանավորված է հիմնականում այս շոգ օրերով, մեզ համար լուրջ խնդիր էր այդ իրավիճակում հուսալի և որակյալ ծառայություններ իրականացնել»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այդ ժամանակահատվածում ատոմակայանը չէր աշխատում, կանգնած էր:

Գրիգորյանը նշել է նաև, որ փորձառու մասնագետների միջոցով և աշխատանքի ճիշտ կազմակերպման արդյունքում էլեկտրաէներգիայի մատակարարման ոչ մի խափանում չգրանցվեց:

Նա նշել է, որ էլեկտրաէներգիայի սպառման մեծ ծավալներն իր համար եղել է ատոմակայանի գործարկումից հետո հաջորդ հրատապ խնդիրը: Գրիգորյանը նշել է՝ ատոմակայանում տարեկան պլանային վերանորոգման աշխատանք էր կատարվում, իրենք ունեին խնդիր՝ ժամանակին, ըստ գրաֆիկի, այդ աշխատանքներն ավարտել, հակառակ դեպքում էներգահամակարգը 200-230 մլն դրամի չափով կտուժեր: Նախարարն ասել է, որ ատոմակայանի՝ ժամանակին գործարկման համար իրենք գնացել են նաև ոչ ստանդարտ լուծումների, կարողացել են ժամանակին՝ օգոստոսի 1-ին գործարկել այն:

Նա առանձնացրել է իր պաշտոնավարման օրոք կատարված ևս մեկ քայլ: Նախարարը նշել է՝ հաշվի առնելով, որ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ում նպատակահարմար էր իրականացնել պետական կառավարում, «Տաշիր գրուպ»-ի հետ փոխհամաձայնության արդյունքում եկել են համոզման, որ այն պետք է պետական հիմնարկ լինի: Ըստ նախարարի՝ իր ղեկավարած նախարարության աշխատակազմում տարվող և տարված աշխատանքներում պարզվել է, որ կառուցվածքը չի համապատասխանում այն գործառույթներին, որ պետք է իրականացվեն, ապա տեղեկացրեց՝ նախաձեռնել է կառուցվածքային փոփոխությունների մի ամբողջ փաթեթ, որի արդյունքում նախարարության աշխատակազմն ամբողջությամբ կվերաձևավորվի:

Ավելի վաղ, ՀՀ կառավարության և «Տաշիր» ընկերության միջև Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի վերաբերյալ կնքված պայմանագիրը չեղարկվել է: «Տաշիրը» քննադատել էր որոշումը, գրելով, որ պայմանագրով նախատեսվում էր, որ «Տաշիր Կապիտալի» կառավարումը հնարավորություն կընձեռի ԲԷՑ-ում ներդրումային և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով ՀԷՑ ՓԲԸ-ի երաշխավորությամբ ներգրավել հավելյալ փոխառու միջոցներ: Այդ երաշխիքների պարագայում պետությունն այլևս չի հանդիսանա ԲԷՑ ՓԲԸ-ի ներդրումային և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով ներգրավվող վարկերի երաշխավոր, և այդ նպատակով պետական պարտք չի կուտակվի:

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագով տրամադրված 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---