Հայկ Մարությանի՝ «սևերի ու սպիտակների» մասին խոսքերը քննադատության ալիք են բարձրացրել

Հայկ Մարությանի՝ «սևերի ու սպիտակների» մասին խոսքերը քննադատության ալիք են բարձրացրել

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը սեպտեմբերի 2-ին ելույթ է ունեցել ֆինանսավորման համար ապահովելու համար կազմակերպված դրամահավաքի ընթացքում։

Ելույթի ժամանակ, ըստ «Առավոտի», նա, մասնավորապես, ասել է, որ «Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ , այո մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են։ Որովհետև մենք և մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ որ ամբիցիաներ չունի»։

Իր թիմը Մարությանը գնահատել է որպես ուժեղագույնը, հայտարարելով, որ «կարելի է ասել՝ մեր թիմի դեմ խաղ չկա»։

Հայտարարությունը բուռն քննադատական արձագանքի է արժանացել սոցցանցերում թե քաղաքացիների, թե ընտրություններին մասնակցող այլ ուժերի ներկայացուցիչների կողմից։ «Ժառանգության» անդամ Հովսեփ Խուրշուդյանը, մասնավորապես, գրել է, որ արտահայտությունը հիշեցնում է նախկին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի «Մեր դեմ խաղ չկա», նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի «Ով է այն տղամարդը» և «Ինչքան ուզենք՝ այնքան խփենք» արտահայտությունները։ «Կամ ի՞նչ է նշանակում՝ «պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք սպիտակներն ենք, իսկ ովքեր մեր դեմ են՝ սև»․․․ կամ «մեր թիմում հավաքված են բոլոր այն ուժերը, որոնք վերջին 20 տարում պայքարել են ռեժիմի դեմ»: Սա արդեն ժպտալու էլ չի: Սա պարզ մեծամտության, չհիմնավորված ինքնագոհության եւ պարզ ստի համադրություն է․․․ Նոր Հայաստանի մայրաքաղաքը ղեկավարել հավակնող Հայկ Մարությանը ոչ թե պետք է համացանցից մաքրի իր հայտարարությունների հետքերը, այլ պետք է ներողություն խնդրի հանուն Նոր Հայաստանի տարիներ շարունակ պայքարած, բանտերով, կալանավայրերով, հետապնդումների միջով անցած այն բոլոր քաղաքացիներից եւ քաղաքական գործիչներից, որոնց 1 տոկոսն էլ ընդգրկված չէ մեր մրցակից ՔՊ-ի/«Իմ քայլի» հարգելի թիմում և որոնք իրենց կյանքի լավագույն տարիներն են նվիրել այդ պայքարին, ի տարբերություն իրեն՝ նման պարծենկոտ հայտարարություններ անող թեկնածուի», - նշել է նա:

Արձագանքել են Մարությանի հայտարարությանը նաև ընտրություններին չմասնակցող ՀՀԿ-ից։ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը Մարությանին «գավառական ծաղրածու» է անվանել։ «Դու ո՞վ դարձար, որ մեր հասարակությունը սևերի և սպիտակների կիսես: Անկախ նրանից, թե որքան սուր կարող են լինել մեր հայրենակիցների զգացմունքներն անցյալի սխալների նկատմամբ կամ խորը հավատն ապագայի հանդեպ, անկախ նրանից, թե որքանով կհաջողի ներկայիս կառավարությունը, կամ հիասթափության ալիքի կհանգեցնի այն, որևէ մեկն իրավունք չունի դասելու երևանցիներին սևերի և սպիտակների: Դու քարոզարշավը չսկսած ցուցադրեցիր քո քաղաքական բոբիկությունը և ցածր բարոյականությունը: Երկրի և քաղաքի ապագայով մտահոգ գործիչը նույնիսկ և հատկապես հասարակության իրական պառակտվածության պարագայում պետք է ջանք չխնայի կամրջելու այդ բացը: Իսկ նոր անջրպետներ ստեղծելը թույլի, անվստահի, մեծամիտ և հասարակության վրա թքած ունեցող մարդու գործելաոճ է», - գրել է Սարգսյանը:

Մարությանն ավելի ուշ արձագանքել է քննադարությանը, նշելով, որ կարծում է, որ կարող էր ավելի հստակ ձևակերպել խոսքը։ «Ուզում եմ հստակ ֆիքսել, որ Հայաստանում կա ընդամենը մեկ սուբյեկտ, որի դեմ խաղ չկա, և դա Հայաստանի ժողովուրդն է։ Ու, այո, բոլոր այն ուժերը, որոնք տարիներ շարունակ բռնացել են ու դեռ փորձելու են բռնանալ ժողովրդի ազատության և արժանապատվության վրա, խաբել ժողովրդին, կանխել վերջինիս առաջընթացն ու հաջողությունը, սև ուժեր են, և ես անձամբ իմ պարտքն եմ համարել և համարում անել ամեն ինչ, որպեսզի նրանք այլևս երբեք չկարողանան դա անել», - նշել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---