ՔԿ. Yerevan Today-ն առաջինն է տեղադրել Վանեցյան-Խաչատրյան ձայնագրությունը, կարճ ժամանակ անց ջնջել այն

ՔԿ.  Yerevan Today-ն առաջինն է տեղադրել Վանեցյան-Խաչատրյան ձայնագրությունը, կարճ ժամանակ անց ջնջել այն

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեն տվյալներ է ձեռք բերել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև հեռախոսազրույցի գաղտնալսման վերաբերյալ տեսանյութն առաջին անգամ տեղադրվել է Yerevan Today լրատվական կայքում, և կարճ ժամանակ անց այն հեռացվել է կայքից, հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ ըստ Google որոնողական համակարգի՝ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում լայն տարածում ստացած տեսանյութը լրատվական կայքում առաջին անգամ տեղադրվել է դրանից 2 օր առաջ:

Լրատվական կայքի խմբագրությունում կատարված խուզարկության ընթացքում առգրավվել են թվով մեկ համակարգչային պրոցեսոր և 3 հիշողության կրիչ՝ դրանցում գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն նշանակելու համար։

Նշվում է, որ խմբագրությունում կատարված խուզարկությունը որևէ կերպ առնչություն չի ունեցել իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է՝ ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը, ստուգելու քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալները, պարզելու երկու իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրելու և տարածելու եղանակը և էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեում Վանեցյանի և Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մի քանի հասցեում խուզարկություններ է իրականացնում:

Այդ թվում՝ իրավապահները խուզարկում են Yerevan Today լրատվական կայքի խմբագրության գրասենյակը: Կայքը հայտնի է, մասնավորապես, Մարտի 1-ի գործով մեղադրյալ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներն ակտիվորեն տարածելու շնորհիվ։ Ինքը՝ Քոչարյանը, օրերս հարցազրույց էր տվել կայքին, որտեղ քննադատել էր գործող իշխանություններին։

Ավելի վաղ, Yerevan Today-ի խմբագիրն ասել է, թե կայքում տեղադրվել է ձայնագրության սղագրությունը դրա՝ համացանցում շրջանառվելուց միայն ժամեր անց:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---