ՄԱԿ զեկույց. 2014-2016-ին ՀՀ-ում մանկական մահացությունը չի նվազել, մեռելածինների թիվն աճել է

ՄԱԿ զեկույց. 2014-2016-ին ՀՀ-ում  մանկական մահացությունը չի նվազել, մեռելածինների թիվն աճել է

PanARMENIAN.Net - Հայաստանում վերջին տասնամյակներում մանկական մահացության ցուցանիշը կրկնակի նվազել է՝ շնորհիվ Առողջապահության նախարարության ու գործընկերների գործադրած ինտենսիվ ջանքերի, որոնք ուղղված են երեխաների առողջական վիճակի բարելավմանը։ Այդ մասին ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱԿ-ի բնակչության բաժնի և Համաշխարհային բանկի կողմից հրապարակած նոր՝ մահացությունների մակարդակի մասին զեկույցում:

Այսուհանդերձ, ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի, վերջին երեք տարվա ընթացքում (2014-2016 թթ.) ցուցանիշի նվազում չի նկատվում: Չի գրանցվել նաև հետնորածնային մահացության իջեցում: Նկատելիավելացել է մեռելածինների քանակը. 2005 թվականին՝ 358, իսկ 2016 թվականին՝ 699 դեպք։

Ըստ զեկույցի, աշխարհում 2017-ին 15 տարին չլրացած 6.3 միլիոն երեխա է մահացել կամ յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ՝ 1 երեխա հիմնականում կանխարգելելի պատճառներից: Այս մահերի մեծամասնությունը, այն է՝ 5.4 միլիոն, տեղի են ունենում կյանքի առաջին 5 տարվա ընթացքում, որոնց գրեթե կեսը նորածնային մահեր են:

«Եթե հրատապ քայլերի չդիմենք, մինչև 2030-ը 5 տարին չլրացած 56 միլիոն երեխա կմահանա»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների, հետազոտությունների և քաղաքականության բաժնի ղեկավար:

«1990-ականներից սկսած՝ մենք նշանակալի արդյունքների ենք հասել երեխաներին փրկելու գործում, բայց միլիոնավոր երեխաներ դեռ շարունակում են մահանալ իրենց ով լինելու և ծննդավայրի պատճառով: Պարզ միջոցներ կիրառելով, ինչպիսիք են՝ դեղամիջոցները, մաքուր ջուրը, էլեկտրականությունն ու պատվաստումները, մենք կարող ենք այդ իրականությունը փոխել միլիոնավոր երեխաների համար»,-ասել է նա:

2017 թ.-ին աշխարհում 5 տարին չլրացած երեխաների մահվան դեպքերի կեսը տեղի է ունեցել Ենթասահարյան Աֆրիկայում, իսկ ևս 30 տոկոսը՝ Հարավային Ասիայում: Ենթասահարյան Աֆրիկայում յուրաքանչյուր 13 երեխայից 1-ը մահացել է մինչև 5 տարին լրանալը: Բարձ եկամուտ ունեցող երկրներում այդ ցուցանիշը համապատասխանաբար կազմում է 1-ը 185-ի:

«Ամեն տարի միլիոնավոր նորածիններ և երեխաներ չպետք է մահանան ջրի, սանիտարահիգիենիկ պայմանների, պատշաճ սնուցման և տարրական առողջապահական ծառայությունների բացակայության պատճառով», - նշել է ԱՀԿ-ի ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով գլխավոր տնօրենի օգնական Պրինցես Նոնո Սիմելելան: «Մենք պետք է առաջնահերթություն տանք յուրաքանչյուր երեխայի համար որակյալ առողջապահական ծառայությունների համընդհանուր հասանելությանը, մասնավորապես՝ ծննդյան պահին և կյանքի առաջին տարիների ընթացքում՝ նրանց լավագույն հնարավորությունը տալով ապրելու և զարգանալու համար»:

Հինգ տարեկանը չլրացած երեխաների մեծամասնությունը մահանում են կանխարգելելի և բուժվող պատճառներից, այնպիսիք, ինչպիսիք են ծննդաբերության ժամանակ տեղի ունեցող բարդությունները, թոքաբորբը, փորլուծությունը, նորածնային սեպսիսը և մալարիան: Զեկույցում համեմատության համար նշվում է որ, 5-14 տարեկան երեխաների մահվան դեպքերի ավելի հավանական պատճառներ են վնասվածքները, հատկապես ճանապարհատրանսպորտային վթարների հետևանքով և խեղդամահությունները: Տարիքային այս խմբի մեջ տարածաշրջանային առանձնահատկություններ ևս կան՝ Ենթասահարյան Աֆրիկայում մահվան դեպքերը Եվրոպայում տեղի ունեցողների համեմատ 15 անգամ գերազանցում են:

«Մենք չենք կարող հաշտվել 15-ը չլրացած ավելի քան 6 մլն երեխայի մահվան դեպքերի հետ»,- նշել է Համաշխարհային բանկի խմբի գլխավոր տնօրեն և առողջապահության, սնուցման և բնակչության խնդիրների գծով ղեկավար Թիմոթի Էվանսը (Timothy Evans): «Երկրների ապագայի համար անչափ կարևոր է ներդրումներ կատարել երիտասարդների առողջության բնագավառում, որպեսզի կանխարգելենք հնարավոր մահերը»:

Ամենուր բոլոր երեխաների համար ամենառիսկային շրջանը մինչև մեկ ամսականն է: 2017 թ. -ին 2.5 միլիոն նորածին է մահացել կյանքի առաջին ամսվա ընթացքում: Ի տարբերություն բարձ եկամուտ ունեցող երկրների, 9 անգամ ավելի հավանական է, որ Ենթասահարյան Աֆրիկայում ծնված երեխան կմահանա մինչև մեկ ամսականը: Հարկ է նշել, որ 1990-ականներից նորածինների կյանքերը փրկելու հարցում առաջընթացն ավելի դանդաղ է եղել, քան 5 տարին չլրացած այլ երեխաների շրջանում:

Տարբերություններն առկա են նույնիսկ երկրների ներսում: 5 տարին չլրացած գյուղաբնակ երեխաների մահվան դեպքերի հավանականությունը միջին հաշվով 50 անգամ գերազանցում է քաղաքաբնակ երեխաների շրջանում գրանցված ցուցանիշը: Ի լրումն, կրթություն չստացած մայրերի երեխաները ավելի հավանական է, որ կմահանան մինչև 5 տարին լրանալը, քան միջնակարգ կամ բարձրագույն կրթություն ստացած մայրերի երեխաները:

Չնայած այս մարտահրավերների առկայությանը, տարեցտարի նվազում է մահացող երեխաների թիվը: 5 տարին չլրացած երեխաների մահվան դեպքերը կտրուկ նվազել են 1990 թ.-ն գրանցված 12.6 միլիոնից՝ 2017 թ-ին հասնելով 5.4 միլիոնի: Ավելի մեծ տարիք ունեցող երեխաների մոտ, այն է՝ 5-ից 14 տարեկանների շրջանում, նույն ժամանակահատվածում մահացության ցուցանիշը նվազել է 1.7 միլիոնից 1 միլիոնի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---