Պապիկյան. «Սանիթեքի» 5 նոր մեքենա սեպտեմբերի 20-ին կլինի Երևանում

Պապիկյան. «Սանիթեքի» 5 նոր մեքենա սեպտեմբերի 20-ին կլինի Երևանում

PanARMENIAN.Net - «Սանիթեքի» 5 նոր մեքենա սեպտեմբերի 20-ին կլինի Երևանում և աղբահանության խնդիրն ավելի նորմալ կիրականացվի: Այդ մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը:

Ըստ նախարարի՝ իրենց անմիջական պահանջով «Սանիթեք» ընկերությունը քայլեր է ձեռնարկել նոր աղբահան մեքենաներ ներկրելու համար: «Մտահոգ ենք Երևանում առկա սանիտարահիգենիկ խնդիրներով»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Նախարարի խոսքով՝ վարչապետի կողմից տրվել են խնդրի կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ, հանդիպումներ է ունեցել թե «Սանիթեք» ընկերության գործադիր տնօրենի, թե Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի հետ:

«Այս հանդիպումները բերել են նրան, որ «Սանիթեքը» վերջին ամիսներին երկու անգամ տուգանվել է՝ համաձայնագրով ստանձնած պարտավորություններում թերանալու համար: Իհարկե, կան խնդիրներ կապված բնակիչների կողմից աղբարկղերի այրման հետ, ակայն սա լուծում է պահանջում՝ անկախ նրանից, թե որքանով են օբյեկտիվ կամ սուբյեկտիվ առաջացած խնդիրները»,- ասել է Սուրեն Պապիկյանը:

Միաժամանակ Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ ապահովագրական որոշ քայլեր են կատարել, քանի որ վստահություն չկա «Սանիթեքի» նկատմամբ, որը բազմիցս խոստումներ է տվել քաղաքապետարանին ու կառավարությանը, բայց խախտել է պայմանագրի կետերը:

«Որպեսզի Ֆրանկոֆոնիայի օրերին և Երևանի տոնի կապակցությամբ խնդիրներ չունենանք, հանձնարարական եմ տվել համապատասխան գերատեսչություններին, նաև Երևանի քաղաքապետի պաշտոնակատարի հետ քննարկել ենք՝ անհրաժեշտության դեպքում այլ համայնքներից տեխնիկա ներգրավելու հարցը: Արդեն իսկ նախանշված են, թե որ համայնքներից է հնարավոր բերել տեխնիկան: Անկախ «Սանիթեքի» հետագա աշխատանքներից, վստահաբար կարող ենք ասել, որ տոներին և միջազգային միջոցառումներին ընդառաջ Երևանը պատրաստ կլինի ընդունել հյուրերին որպես մաքուր քաղաք»,- ասել է Սուրեն Պապիկյանը:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհություն էր հայտնել «Սանիտեք» ընկերության աշխատանքից: Նա նշել էր, որ անկախ այն բանից ամռան տապ է, թե ձմեռ, պետք է պատշաճ ապահովել համապատասխան ծառայությունները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---