ԱԺ նախագահն ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրները

ԱԺ նախագահն ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրները

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը քննարկել են հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրները: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի՝ Հայաստան այցի նպատակն է քննարկել կանանց իրավունքների, գենդերային հավասարության և ընտանեկան բռնության, ինչպես նաև հասարակության որոշ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:

Արա Բաբլոյանը, ողջունելով Դունյա Միյատովիչի՝ այս պաշտոնում առաջին այցը Հայաստան, շնորհակալություն է հայտնել մեր երկրի հետ համագործակցության և Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում Եվրոպայի խորհրդի կատարած աշխատանքի համար:

Խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով հաշմանդամության մասին օրենքի նախագծին և հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին, ընդգծել է, որ նրանք պետք է հավասար իրավունքներ ունենան և լինեն հասարակության լիիրավ անդամ: ԱԺ նախագահը ներկայացրել է «Երեխաների հաշմանդամության վաղ հայտնաբերման և սոցիալական հետագա ներառման (ինտեգրման)» համապարփակ մոդել, որը ենթադրում է առողջապահական, սոցիալական, կրթական և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցված աշխատանք:

«Եթե պահպանվում է այս սկզբունքը, ապա հնարավորություն է ընձեռնվում երեխաներին հասարակությանը լիարժեք ինտեգրելու գործընթացում լավագույն արդյունքներ ստանալ»,- ասել է խորհրդարանի ղեկավարը: Խոսելով «Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին» Լանցարոտի կոնվենցիայից՝ Արա Բաբլոյանը նշել է, որ փաստաթուղթը քննարկումների փուլում է և հույս հայտնել, որ այն շուտով կվավերացվի:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության և առկա խնդիրների քննարկման հնարավորության համար, վստահություն է հայտնել, որ նման բարենպաստ քննարկումները կլինեն շարունակական:

Նա, անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին, նշել է, որ անկախ քաղաքական հայացքների և դիրքորոշումների փոփոխությունից մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դերը և արդյունավետ համագործակցությունը ինչպես մեր երկրում գործող, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---