28 մայիսի 2008 - 15:36 AMT
Թուրք պատմաբանը հրապարակային հնարքների է դիմում Հայոց ցեղասպանության հարցում
Թուրք պատմաբանը 20 մլն դոլար է առաջարկել` նպաստելու համար հայկական արխիվների բացմանը: Այդ մասին գրում է The California Courier-ը, հղում անելով «Հյուրիեթ» թուրքական օրաթերթին: Թուրք պատմաբանների ասոցիացիայի նախագահ Յուսուֆ Ղալաչօղլուի խոսքերով, միջոցները տրամադրվել են Բոստոնում գտնվող Դաշնակցության արխիվները բացելու համար, որտեղ, ըստ թուրք պատմաբանի, «չափազանց կարեւոր փաստաթղթեր» կան Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նա նաեւ հայտարարել է, որ ձեռնարկել է այդ քայլը այն բանից հետո, երբ հայերը նրան իբր ասել են թե անհրաժեշտ միջոցներ չունեն այդ արխիվները կարգի բերելու համար: «Հայերը չեն ցանկանում բացել արխիվները, քանի որ դա կարող է առիթ հանդիսանալ Ցեղասպանության համար Թուրքիային մեղադրելու վերաբերյալ իսկական բանավեճի համար: Ես փոխանցել եմ 20 մլն դոլար տրամադրելու մասին առաջարկը երկու հայ պատմաբանների` Արա Սարաֆյանին ու Հիլմար Կայզերին, սակայն պատասխան չեմ ստացել»,-ասել է Ղալաչօղլուն: The California Courier-ի խմբագիր Հարութ Սասունյանն ընդգծում է, որ Ղալաչօղլուն նույնիսկ չի փորձել պարզել, որ Կայզերը ոչ թե հայ, այլ գերմանացի պատմաբան է:

Իր հերթին Թաթուլ Սոնենց-Փափազյանը, որ Բոստոնի ՀՅԴ արխիվների հսկիչն է եղել մինչեւ 2000 թվականը, Ղալաչօղլուի մեղադրանքներին ի պատասխան ընդգծել է, որ 1995թ. բոլոր արխիվները, սկսած 1925 թվականից, համակարգվել են: Նա նաեւ նշել է, որ Հիլմար Կայզերը, որին նա վերջին անգամ դիմել է մեկ ամիս առաջ, չի հաստատել Ղալաչօղլուի առաջարկը: Նույնը հայտարարել է նաեւ Արա Սարաֆյանը: «Դա հասարակ հրապարակային հնարք է: Ղալաչօղլուն գործում է այդ ոճով»,-ասել է Սարաֆյանը: