Գեղարդն ու Ազատի հովիտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ կստանան

Գեղարդն ու Ազատի հովիտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ կստանան

PanARMENIAN.Net - ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գտնվող «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու վերաբերյալ միջանկյալ դրական որոշում է կայացվել:

«Ուժեղացված պաշտպանությունը» մշակված մեխանիզմ է` զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների հատուկ պաշտպանություն սահմանելու համար:

Հայտը քննարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրության կոմիտեի բյուրոյի նիստում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Կոմիտեի բյուրոյի անդամները քննարկել են հայտի բովանդակությունը և մասնագիտական հարցեր ուղղել ՀՀ պատվիրակության անդամներին, որից հետո միաձայն դրական որոշում են կայացրել հայտի ընդունումը ներառել դեկտեմբերին կայանալիք 1999թ. երկրորդ արձանագրության կոմիտեի միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի օրակարգում:

«Գեղարդի վանք և Ազատ գետի վերի հովիտ» վայրը 2000-ից թվականից նեռարված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, հանդիսանալով մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձան:

«Ուժեղացված պաշտպանությունը» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրությամբ մշակված մեխանիզմ է` զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների հատուկ պաշտպանություն սահմանելու համար: Այն նպատակ է հետապնդում ապահովել մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հատուկ հուշարձանների լիարժեք և արդյունավետ պաշտպանությունը` միջազգային կամ ոչ միջազգային զինված հակամարտությունների ժամանակ: Մեխանիզմը պահանջում է հակամարտող կողմերին ձեռնպահ մնալ նման հուշարձանի վրա հարձակումից, ինչպես նաև այն կամ դրա անմիջական շրջապատը ռազմական նպատակներով ցանկացած օգտագործումից: Արձանագրությունը նաև սահմանում է քրեական պատիժներ` ֆիզիկական անձանց կողմից մշակութային արժեքի նկատմամբ ուժեղացված պաշտպանությունը խախտելու պարագայում:

ՅՈՒՆԵՍԿՕ- ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում Հայաստանից ընդգրկված են նաև Հաղպատի և Սանահինի վանական համալիրները, Էջմիածնի եկեղեցիներն ու Մայր տաճարը, Զվարթնոցը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---