Սթինգը, Խուլիո Իգլեսիասը և Լայզա Մինելլին սգում են Ազնավուրի մահը

Սթինգը, Խուլիո Իգլեսիասը և Լայզա Մինելլին սգում են Ազնավուրի մահը

PanARMENIAN.Net - Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի մահը ցնցել է ամբողջ աշխարհի հայտնի մարդկանց: «Շառլ Ազնավուրը մարմնավորում էր ֆրանսիական մշակույթն ու համաշխարհային աստղ էր: Ինձ բախտ է վիճակվել երգել նրա հետ: Նա լքեց մեզ, բայց այն, ինչ թողեց, հավերժ է»,-գրել է բրիտանացի հայտնի երաժիշտ Սթինգը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Հանգչիր խաղաղությամբ, իմ թանկագին բարեկամ Շառլ Ազնավուր»,-գրել է Twitter-ում իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը:

«Շառլն իմ ուսուցիչն էր, իմ ընկերը, իմ սերը...Ես միշտ կկարոտեմ նրան»,-ասվում է հայտնի ամերկացի երգչուհի և դերասանուհի Լայզա Մինելլիի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Լեգենդար շանսոնյեն մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում: Ազնավուրը, որը վերջերս էր վերադարձել Ճապոնիայում համերգային շրջագայությունից, մահացել է իր տանը՝ Ֆրանսիայի հարավ-արևելքում:Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել է 1924 մայիսի 22-ին Փարիզում` հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Նա ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում:

Ազնավուրը մոտ 1000 երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի մոտ 100 միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---