Դրոնների շահագործման նոր կանոնակարգ կմշակվի

Դրոնների շահագործման   նոր կանոնակարգ կմշակվի

PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նախաձեռնել է անօդաչու համակարգերի (դրոն) անվտանգ շահագործման և գրանցման նոր կանոնակարգի մշակման աշխատանքները, հայտնում էկոմիտեի մամուլի ծառայությունը:

Կանոնակարգում չեն ներառվելու մինչև 250 գրամ քաշով անօդաչու համակարգերով կատարվող թռիչքները, խաղալիք անօդաչու թռչող համակարգերով կատարվող թռիչքները (երեխաների համար), ինչպես նաև մասնավոր սեփականություն հանդիսացող փակ տարածքներում շահագործվող անօդաչու թռչող համակարգերը: 14 տարեկանից ցածր անձինք իրավունք ունեն օգտվել անօդաչու թռչող համակարգերից միայն չափահաս անձանց հսկողության ներքո:

Արգելվում է կատարել որևէ փոփոխություն անօդաչու թռչող սարքի հետ՝ առանց արտադրողի հաստատման, ինչպես նաև գործածել անօդաչու թռչող համակարգը 50 մ-ից առավել բարձրություն ունեցող տեղանքի կամ ջրային մակերեսի վրա՝ առանց հատուկ թույլտվության, գործարկել այն քաղաքների, փողոցների, այգիների և այնպիսի օդային տարածքների վրա, որտեղ սարքի գործողությունը նախապես սահմանափակում է:

Չի կարելի օգտագործել սարքերը խիտ բնակեցված ու բազմամարդ վայրերում, երեկոյան, գիշերը՝ մութ ժամերին։Չպետք է շահագործել անօդաչու թռչող համակարգը շենքի և խաղադաշտի վրա, երթևեկությանը մոտ տարածքներում, բարձր լարվածության գծերի եւ լարերի շրջակայքում:

Չի կարելի օգտագործել անօդաչու թռչող համակարգը օդանավերի և օդանավակայանների հարևանությամբ: Օդանավակայանի հսկվող սահմանափակ տարածքի հորիզոնական հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս, քան 7 կմ: Անօդաչու թռչող համակարգը չպետք է գործածվի անօրինական նպատակներով: Հանրային կամ սեփական տարածքներում լուսանկարելու նպատակով անօդաչու թռչող համակարգերը կարող են օգտագործվել միմիայն սեփականատիրոջ կոմից թուլյտվության առկայության պարագայում: Հարկ է հիշել, որ մասնավոր սեփականության գաղտնիությունը և անձեռնամխելիությունը երաշխավորված և պաշտպանված են ՀՀ օրենքով:

Նաև պետք է նշել, որ անօդաչու թռչող սարք շահագործողներն իրենք են պատասխանատու ապահով գործարկման համար: Անօդաչու թռչող սարքի սխալ գործարկումը կարող է վտանգել ավիացիան և հանրային ապահովությունը:

Նշվում է, որ հարկավոր է խստագույնս հետևել ՔԱԳՎ-ի 2007 թվականի 56N հրամանի պահանջներին (թարմացվել է 2016 թվականին), այն՝ ստուգել անօդաչու թռչող համակարգը յուրաքանչյուր թռիչքից առաջ. համոզվել, որ ձեր անօդաչու թռչող սարքի էլեկտրոնային նույնականացման և աշխարհագրական դիրքի համակարգը արդիական է (առկայության դեպքում), գործարկել այն՝ պահպանելով արտադրողի կողմից սահմանված տեխնիկական նորմերը և սահմանափակումները: Նախքան անօդաչու սարքի գործարկումը, պետք է համոզվել, որ դրա բոլոր տարրերը պատշաճ կերպով աշխատում են:

Թռիչքները պետք է իրականացնել բացարձակապես պարզ և վիզուալ օդերևութաբանական պայմաններում։ Շարունակաբար պահպանել տեսողական կապը անօդաչու թռչող սարքի հետ `առանց որեւէ օժանդակ սարքերի օգտագործման (աստղադիտակ, հեռադիտակ, էլեկտրական օպտիկական պատկերի ուժեղացուցիչ): Անթույլատրելի է գործածել անօդաչու թռչող համակարգը 50 մ-ից առավել բարձրություն ունեցող տեղանքի կամ ջրային մակերեսի վրա՝ առանց հատուկ թույլտվության:

Անհրաժեշտ է ծանոթանալ այն տարածքի հետ, որտեղ գործարկվելու է համակարգը, պլանավորել թռիչքը, ստուգել եղանակային պայմանները: Անօդաչու թռչող սարքի գործարկումը անբարենպաստ եղանակային պայմաններում կարող է վտանգավոր լինել մարդկանց համար և կարող է կործանարար լինել սարքի համար:

Անհրաշեժտ է նաև տեղեկացնել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին, եթե սարքի հետ պատահար է տեղի ունեցել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---