«Տրանսպորտային» հանրաքվե Երևանում․ Երբ ճիշտ թվացող միտքը վատն է իրականում

«Տրանսպորտային» հանրաքվե Երևանում․ Երբ ճիշտ թվացող միտքը վատն է իրականում

PanARMENIAN.Net - Իր երդմնակալության օրը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախ ասաց, որ տրանսպորտի թանկացումը հիմնավոր է, ու երևանցին հանրաքվեով կորոշի՝ նոր սակագինը սեփական գրպանից մուծել, թե սուբսիդավորել բյուջեից, օրինակ՝ մանկապարտեզների հաշվին։ Հետո գրեց, որ դեմ է թանկացմանը, ու բնակիչն այն չի զգալու։ Մի կողմ դնելով «առաջ դեմ էր, հիմա՝ կողմ»-ն ու այլ հարցեր, փորձենք հասկանալ, թե ինչու է նման որոշումներ կայացնելու հարցում քաղաքացիների կարծիքը հարցնելը վտանգավոր, հատկապես, որ նոր իշխանությունը հաճախ է խոսում տարբեր հարցերով հանրաքվեներին դիմելուց։ Կդիտարկենք հարցը հենց Մարությանի նշած՝ տրանսպորտի սակագնի հարցով հանրաքվեի օրինակով։

1․ Տրանսպորտից օգտվողների ահռելի մասը երևանցիներ չեն։ Անցկացնել տեղական հանրաքվե տրանսպորտի հարցով կնշանակի, որ սակագնի հարցը որոշելու են միայն երևանցիները, իսկ վարձով ապրող գյումրեցիները կամ շրջանից ամեն օր գործի ու դասի եկողները՝ ոչ։ Պատկերացրեք, եթե ընտրություններին արգելեին մասնակցել կանանց․ ցանկացած հարցի շուրջ ամենամաքուր քվեարկությունն անգամ ընտրություն չի լինի՝ շահառու խմբերից մեկի մասնակցությունը չապահովելու դեպքում։ Այս հարցում էլ նույնն է․ Երևանում տրանսպորտային հանրաքվեն ձևական առումով ժողովրդավար կլինի, իսկ բնույթով՝ հակաժողովրդավար, ավելին՝ այն իր մեջ ունի նաև «երանցի-շրջանցի» կոնֆլիկտի տարրեր։ Առանց այդ էլ «ռայոնցիները», ովքեր ստիպված գալիս են մեր «քաղաք-պետություն» ու դրա տնտեսության զգալի մասն են ձևավորում, զրկված են քաղաքագլխին ընտրելու իրավունքից։

2․ Նույնիսկ «աբորիգեններով» քվեարկելու դեպքում պարզ չէ՝ ով ու ինչպես պիտի քվեարկի։ Դիցուք, հենց Մարությանի նշած օրինակով դրվում է հարց՝ փող տալ մանկապարտեզների՞ն, թե՞ տրանսպորտին. մեքենա ունեցող ծնողը որոշի՝ ավտոբուսը թող թանկանա, մանկապարտեզը՝ նորոգվի՞, իսկ մեքենա և երեխա չունեցողն ասի՝ մանկապարտեզը մի կողմ, թող տրանսպորտի գինը նու՞յնը մնա, թե՞ նրանցից որևէ մեկին էլ զրկենք քվեարկելու իրավունքից։ Տեղային կոնֆլիկտի տարրերից բացի հարցին գումարվում է նաև սոցիալական կոնֆլիկտի տարրը։ Ինչքանո՞վ է դա ճիշտ, էլ չասենք՝ անվտանգ։

3․ Տրանսպորտն ինքն իրենով առանձին հարց չէ, այլ քաղաքի կյանքի կազմակերպման բաղադրիչ։ Ընդհանրապես, քաղաք ղեկավարելը երբեմն երկիր ղեկավարելուց բարդ է, հատկապես, «բրախլամա» արած քաղաքը. բախվում են վարորդների ու հետիոտների, փոքր ու մեծ բիզնեսի, ռեստորանների և շենքերի բնակիչների, շնատերերի ու երեխաներով մայրիկների, կառուցապատողների ու էկոակտիվիստների և այլ շահեր։ Ու երբեմն հանուն համընդհանուր շահի պետք է անտեսել կամ անգամ սահմանափակել ավելի մեծ խմբի շահերը։

Օրինակ, պատկերացնենք, որ քաղաքում կա 150,000 մեքենա ու 1000 հեծանվորդ, և կա երկընտրանք՝ մեծացնել ավտոկայանատեղերի թիվը, կամ հեծանվաուղիներինը, հատկապես, «կարմիր գծերի» տարածքի հաշվին։ Եթե քաղաքապետը հեծանվաուղիներն ընտրի, մեքենաների թիվը պակասելու է, հեծանվորդների թիվը՝ աճի։ Արդյունքում, պայմանականորեն, 150,000 մեքենայի փոխարեն կլինեն 140,000-ը, իսկ 1000 հեծանվորդի փոխարեն 11,000-ը։ Կշահեն և՛ հեծանվորդները, և՛ մեքենա վարողները, և՛ տրանսպորտի ուղևորները, քանի որ քաղաքը կբեռնաթափվի, խցանումները կպակասեն, բնակիչներն էլ կլինեն ավելի առողջ, «սպորտային» ու երջանիկ։

Իսկ եթե հարցը դրվի հանրաքվեի, կհաղթեն մեքենա ունեցողները, և մի տարի անց քաղաքում մեքենաները կրկին կշատանան։ Այդ ժամանակ և՛ վարորդները, և՛ թանկացած տրանսպորտի ողևորները կանգնելու են խցանումներում, որովհետև կա օրինաչափություն՝ որքան էլ շատ ավտոկայանատեղի նախագծես, դրանք երբեք չեն հերիքելու։ Դա գիտեն մասնագետները, իսկ սովորական մարդիկ՝ ոչ։ Նույն ձևով իրենք չգիտեն, որն է լավ՝ բյուջեից սուբսիդավորել տրանսպորտի սակագինը, թե՝ ոչ, քանի որ չեն տիրապետում տեղեկատվության ու գիտելիքների այն ծավալին, որին պիտի տիրապետեին քաղաքապետարանի համապատասխան ոլորտի պատասխանատուները։ Հետևաբար, նրանք կարող են կատարել ճիշտ թվացող, բայց սխալ ընտրություն։

4. Ընտրական մեխանիզմները բարդ որոշումներից չվախեցող իշխանություն ձևավորելու, ոչ թե այդ որոշումների պատասխանատվությունը ժողովրդի վրա թողնելու համար են։ Եթե հեծանիվների ու մեքենաների օրինակով հանրաքվե լիներ, մարդիկ շատ կհարգեին «ժողովրդին լսող» քաղաքապետին։ Ու երբ հարցնեին, թե ինչու են խցանումները մեծանում, նա կասեր՝ «ես ի՞նչ մեղավոր եմ, ինքներդ մեքենաներն ընտրեցիք», այսինքն, էլի «ժողովուրդը կլիներ մեղավոր»։ Իսկ եթե նա մեքենաների թիվը սահմանափակող որոշում ընդուներ, մեքենայատերերը կատեին նրան։ Փոխարենը փողոցները կբեռնաթափվեին, ու կշահեին բոլորը։ Ո՞րն է ավելի լավ քաղաքապետը․ երկրորդը։ Ո՞րն է ավելի բարդ որոշում․ կրկին՝ երկրորդը։

Սակայն էլ ինչու՞, եթե ոչ բարդ որոշումներ կայացնելու համար է պետք 81% վարկանիշը։

Նիկոլայ Թորոսյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---