Մեսչյան. Գլխավոր ճարտարապետը նա է, ով կարող է ասել «ոչ»

Մեսչյան. Գլխավոր ճարտարապետը նա է, ով կարող է ասել «ոչ»

PanARMENIAN.Net - Երևանի նորանշանակն գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, խոսելով մայրաքաղաքի խնդիրների մասին, անդրադարձել է նաև այդ պաշտոնում իր կարճ պաշտոնավարմանը 1996 թվականին: Նա նշել է, որ գլխավոր ճարտարապետը նա է, ով ունի իրավասություն ասելու՝ ոչ, հակառակ դեպքում չպետք է աշխատի, հայտնում է «Երկիր մեդիան»:

Մեսչյանը Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել 1996-ին և մեկ տարի անց հեռացել է պաշտոնից:

«Ինչո՞ւ ես երկար չաշխատեցի, քանի որ մեր նախագահի ախրանայի պետը կյանքս կերավ՝ բառի բուն իմաստով: Նա իմ գրասենյակից դուրս չէր գալիս ու ասում էր՝ պիտի տարածք տաս, իսկ ես ընդդիմանում էի: Նա էլ գնում ու բողոքում էր տարբեր ատյաններին, որ չեմ տալիս ինչ-որ տարածք, իսկ ինձ զանգում ու հարցնում էին, թե գիտե՞մ՝ ում չեմ տալիս տարածք: Իսկ ես պատասխանում էի, թե ով ուզում է լինի, ինչ տարբերություն, իմ գլխին Աստվածն է՝ իմ քաղաքը: Գլխավոր ճարտարապետը նա է, ով ունի իրավասություն ասելու՝ ոչ, և եթե նա նման իրավասություն չունի, թող չաշխատի այդ պաշտոնում»,-ասել է Մեսչյանը:

Մեսչյանը հիշել է նաև, որ երբ 1996-ին կարճ ժամանակով դարձել էր Երևանի գլխավոր ճարտարապետ, հրահանգ տրվեց այժմյան Հյուսիսային պողոտայի բոլոր հողատարածքները՝ այդ թվում տները, վաճառել, հայտնում է Aysor.am-ը:

«Այդ գործընթացը սկսվել էր, բայց ես այն կանգնեցրեցի: Այն ժամանակվա քաղաքապետ Վանո Սիրադեղյանին ասացի՝ չի կարելի քաղաքի կենտրոնում ամենակարևոր ստրատեգիական գիծը առանց նախագծի, առանց բիզնես պլանի դնել աճուրդի և հողատարածքներ վաճառել: Եթե հիշում եք, այդ ժամանակ Աբովյան փողոցի վրա կազինոներ էին, որոնցից յուրաքանչյուրն իր լայնքով հայտնվել էր Հյուսիսային պողոտայի առանցքում: Միակ բանն, ինչ կարողացա անել իմ կարճաժամկետ պաշտոնավարման ընթացքում, այդ հողատարածքների վաճառքի կասեցումն էր: Նարեկ Սարգսյանը կարողացավ կազմավորել այն բիզնես պլանը, հավաքել կառուցապատողների այն ցանկը, որոնց շնորհիվ կառուցվեց այդ փողոցը: Ի դեպ, դա շատ բարդ գործ է: Հիմա մեկը կհավանի այդ ճարտարապետությունը, մյուսը՝ ոչ, դա այլ հարց է, բայց ոչ ոք չի կարող հերքել, որ այդ պողոտան այսօր ամենամարդաշատն է», - նկատել է նա:

Արթուր Մեսչյանն ընդգծել է՝ ինքն առաջին գլխավոր ճարտարապետն է, ով որևէ նախագիծ Երևանի սահմաններում չի անելու, քանի որ դա բերում է բարդությունների:

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը լրագրողների հետ զրույցում ասել է նաև, որ մայրաքաղաքի կենտրոնը պետք է հատուկ կարգավիճակ ունենա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---