ԱՄՆ-ն 1 ամսով հետաձգել է «Արմենալի» սեփականատիրոջ հանդեպ պատժամիջոցները

ԱՄՆ-ն 1 ամսով հետաձգել է «Արմենալի» սեփականատիրոջ հանդեպ պատժամիջոցները

PanARMENIAN.Net - ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ներդրումների վերահսկողական ծառայությունը (OFAC) մոտ մեկ ամսով հետաձգել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր Օլեգ Դերիպասկայի՝ ալյումին արտադրող «Ռուսալ» ընկերության հանդեպ պատժամիջոցների կիրառումը, հայտնում է ռուսաստանյան «Վեդոմոստի» լրատվամիջոցը։

Ընկերությունը Հայաստանում ալյումինե փայլաթիթեղ արտադրող «Արմենալ» ընկերության մայր ձեռնարկությունն է։ Գործարանի արտադրանքը կազմում է ՀՀ արտահանման մոտ 5%-ը: 2017 թվականին այն արտադրել է 33,700 տոննա ալյումինի փայլաթիթեղ, հիմնականում՝ ԱՄՆ և Հյուսիսային Եվրոպա։ Համաձայն ընկերության հաշվետվության մեջ ներկայացված տվյալների՝ նախորդ տարի ընկերության համախառն եկամուտը 2016 թվականի համեմատ աճել է 67,5%-ով՝ հասնելով մինչև 6.031 մլրդ դրամի կամ մոտ $12.5 մլն–ի:

Նշվում է, որ նախարարության «սև ցուցակում» հայտնված ռուս գործարարին պատկանող մյուս ընկերությունների՝ En+ Group, «ԳԱԶ» և այլն, հանդեպ նույնպես պատժամիջոցները 2018 թվականի դեկտեմբեր 12-ի փոխարեն ուժի մեջ կմտնեն 2019 թվականի հունվարի 7-ից։

Այսպիսով ԱՄՆ-ն ժամանակ է տալիս, որ Դերիպասկայի ընկերություններում ամերիկյան ներդրողները կարգավորեն բիզնես հարաբերությունները դրանց հետ, վաճառեն իրենց ակտիվները, մարեն պարտքերը և այլն։

2018 թվականի ապրիլից Օլեգ Դերիպասկան և նրա ընկերությունները՝ այդ թվում ալյումին արտադրող ռուսաստանյան խոշորագույն ընկերություն «Ռուսալը», հայտնվել են ամերիկյան պատժամիջոցների տակ, ինչն էապես դժվարեցրել, երբեմն էլ՝ անհնար է դարձրել նրանց կողմից միջազգային առևտուրի իրականացումը։

Արդեն սեպտեմբերին միջազգային լրատվամիջոցները գրեցին, որ «Ռուսալի» կազմի մեջ մտնող՝ Հայաստանում ալյումինե փայլաթիթեղ արտադրող «Արմենալը» ամերիկյան պատժամիջոցների հետևանքով կրճատել է արտադրությունը: Նշվում է, որ պատժամիջոցները կարող են հանգեցնել կրճատումների, ընդհուպ մինչև պարապուրդի մատնել գործարանը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից PanARMENIAN.Net ին տեղեկացրել էին, որ կառավարությունը ձեռնարկում է քայլեր ընկերության արտահանման աշխարհագրությունը բազմազանեցնելու և ԱՄՆ արտահանվող ապրանքն այլ երկրներում իրացնելու ուղղությամբ: Բացի այդ, Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ասել է, որ ընթանում են քննարկումներ՝ հայկական արտադրանքի հանդեպ պատժամիջոցների ռեժիմի չկիրառման վերաբերյալ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---