// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՄԻԱՎ-ը միայն «թմրամոլների հիվանդություն» չէ. Ստուգվելն ամոթ չէ և պարտադիր է (վիդեո)

ՄԻԱՎ-ը միայն «թմրամոլների հիվանդություն» չէ. Ստուգվելն ամոթ չէ և պարտադիր է

PanARMENIAN.Net - 2 օր առաջ հետազոտվել էի ՄԻԱՎ-ի (մարդու իմունային անբավարարության վիրուս) և հեպատիտ B ու C-ի վերաբերյալ: Ո՛չ, ես չեմ օգտագործում թմրամիջոցներ, չեմ վարում անկանոն սեռական կյանք, ինչպես նաև նույնասեռական չեմ: Սրանք բոլորը կարծրատիպեր են. ՄԻԱՎ-ով կարելի է վարակվել` նույնիսկ լինելով պահպանողական հայացքների տեր կույս: Բացատրեմ՝ ինչպես:

ՄԻԱՎ-ը փոխանցվում է.

սեռական ճանապարհով՝ առանց պահպանակի ներթափանցող հարաբերությունների հետևանքով;

արյան միջոցով, երբ օրգանիզմ է ընկնում վարակված արյուն վիրուսը պարունակող արյան փոխներարկման կամ օրգանների փոխպատվաստման ժամանակ;

վարակված մորից՝ երեխային՝ հղիության, ծննդաբերության կամ կրծքով կերակրման շրջանում:

Ըստ ուսումնասիրությունների, նույնասեռականները՝ հատկապես տղամարդ-տղամարդ հարաբերությունների դեպքում, ինչպես նաև ներարկային ճանապարհով թմրամիջացներ օգտագործողները գտնվում են ռիսկային խմբում: Սակայն վարակվելու ռիսկը բարձր է նաև հետերոսեքսուալ չպաշտպանված սեռական հարաբերությունների ժամանակ, ինչպես նաև հիվանդանոցներում, ատամնաբույժների, դաջվածք անողների կամ մատնահարդարների մոտ՝ արդեն օգտագործված և չախտազերծված ասեղների, ներարկիչների կամ այլ բժշկական գործիքների միջոցով:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԻԱՎ-ը ընդհանուր առմամբ ավելի քան 35 մլն մարդու կյանք է խլել: Միայն 2017-ին մոտ 1 մլն մարդ է մահացել ՄԻԱՎ-ի հետևանքների պատճառով: ՄԻԱՎ-ի վերջնային փուլը ՁԻԱՀ-ն է՝ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը:

Ըստ ԱՀԿ տվյալների՝ 2017-ի վերջի դրությամբ ՀՀ-ում կա 1476 ՁԻԱՀ-ով հիվանդ: Հաշվի առնելով բնակչության 100,000 շնչին ընկնող վարակվածների քանակը՝ ՀՀ-ն Եվրոպական տարածաշրջանում բավականին բարձր տեղ է գրավում: ՄԻԱՎ-ով վարակվածների քանակն ավելի շատ է՝ 2907, որից 2017-ին գրանցված նոր դեպքերը 354-ն են: Այդ դեպքերից 252-ը բաժին են ընկնում տղամարդկանց: ԱՀԿ զեկույցի համաձայն՝ դեպքերի 79.3 տոկոսը պայմանավորված է հետերոսեքսուալ կապերով, 10.7 տոկոսը՝ թմրամիջոցների օգտագործմամբ:

Թեև ՄԻԱՎ-ն ու ՁԻԱՀ-ը հայտնի են մարդկությանը դեռևս 1980-ականներից, այդ վարակների շուրջ միֆերը չեն դադարում տարածվել և բացասական ազդեցություն են ունենում վարակված մարդկանց կյանքի որակի և նրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի վրա:

Միֆերից ամենատարածվածն այն է, որ ՄԻԱՎ-ով կարելի է վարակվել օդակաթիլային ճանապարհով կամ վարակված մարդու իրերից: Դա այդպես չէ: ՄԻԱՎ-ով չի կարելի վարակվել հիվանդ մարդու հետ նույն սենյակում գտնվելու, նույն օդը շնչելու ընթացքում, թքի, մեզի, քրտնքի, արցունքի, համբույրների, գրկախառնությունների, կենցաղային իրերի, նույն զուգարանակոնքից օգտվելու միջոցով: Վիրուսը բազմանում է միայն մարդու օրգանիզմի բջիջների ներսում, իսկ օրգանիզմից դուրս շատ արագ ոչնչանում է:

Չնայած, որ վիրուսը փոխանցվում է արյան միջոցով, սակայն հնարավոր չէ վարակվել միջատների խայթոցից: Կա թյուր կարծիք, որ ՄԻԱՎ-ով վարակված մարդուն կարելի է տարբերել արտաքին տեսքով, սակայն դա ևս միֆ է: Վարակն արտաքնապես որևէ կերպ չի արտահայտվում: Հիվանդությունը կարող է առանց ախտանշանների զարգանալ մի քանի տարի, և վարակված մարդը նույնիսկ չիմանա, որ հիվանդ է: Սակայն վարակման պահից ի վեր նա կարող է վարակը փոխանցել ուրիշներին: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է միշտ զգույշ լինել հատկապես սեռական հարաբերությունների ընթացքում և չմոռանալ պահպանակի օգտագործման մասին:

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս օրերին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը Հայաստանի տարբեր հատվածներում ՄԻԱՎ-ի, վիրուսային Բ և Ց հեպատիտների վերաբերյալ արագ, անվճար, անանուն հետազոտություններ է անցկացրել, որոնց արդյունքում հարյուրավոր մարդիկ իմացել են իրենց կարգավիճակի մասին հաշված րոպեների ընթացքում:

Այդ մարդկանցից մեկը նաև ես եմ: Ինձ մոտ բարեբախտաբար ամեն ինչ կարգին է: Այսօր ևս կարելի է ստուգվել բոլորովին անվճար և անանուն: ՁԻԱՀ-ի կենտրոնի մեքենան ընդունում է բոլոր ցանկացողներին Հյուսիսային պողոտայում: Գնացե՛ք ստուգվեք, ստուգվելն ամոթ չէ և պարտադիր է:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Ընդհանուր առմամբ 19 մարդ է տուժել, որից 4 վիճակը գնահատվում է ծանր
Պատճառը, ինչպես հայտարարել է կառավարությունը, հարձակումներն են մահմեդականների վրա
Պինոն նշել է, որ որոշումն ընդունվել է հոր՝ Ֆրանսուայի հետ համատեղ հաղորդմամբ, որոշումն ընդունվել է հոր հետ համատեղ։