ԶԼՄ. Մրգաստանում ընտրողներն իրենց քվեարկած թերթիկը ցույց են տալիս հանձնաժողովի անդամին

ԶԼՄ. Մրգաստանում ընտրողներն իրենց քվեարկած թերթիկը ցույց են տալիս հանձնաժողովի անդամին

PanARMENIAN.Net - Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի 15/53 ընտրական տեղամասում ընտրությունն ընթանում է թեժ մթնոլորտում։ «Իմ քայլը» դաշինքի վստահված անձ Ջիվան Աբրահամյանը ուղղորդումներ ու կուտակումներ է նկատել տեղամասի տարածքում, հայտնում է «Հայկական ժամանակը»։

Նրա փոխանցմամբ՝ հանձնաժողովի անդամը չի արձանագրում կուտակումները և պնդում է, որ մեքենաները ընտրատեղամասից 50 մետր հեռու են, այնինչ, վստահված անձի փոխանցմամբ՝ դրանք 18 մետրի վրա են․«Ոստիկանության աշխատակիցն էլ է նկատել, որ «Լեքսուս» մակնիշի մի ավտոմեքենա մի քանի անգամ եկավ-գնաց, տեղամասի դիմաց կուտակումներ են, ահավոր վիճակ։ Հանձնաժողովի նախագահն էլ ինձ փորձում է համոզել, որ էդ 18 մետրը հիսուն մետր է»,- «Հայկական ժամանակ»-ին է ասել վստահված անձը։

Ընտրատեղամասի ուղիղ հեռարձակումից երևում է, որ տեղամասի ներսում մարդիկ պարբերաբար մեծ խմբով են ներս մտնում։ Բացի այդ՝ նույն հեռարձակմամբ երևում է, որ ընտրողներն իրենց քվեարկած թերթիկը ցույց են տալիս ծաղկավոր վերնաշապիկով երիտասարդին, որը նաև հանձնաժողովի անդամ է։

Ըստ պարբերականի հավաստի աղբյուրների, Մրգաստանի գյուղապետն աշխատում է «Իմ քայլի» ռեյտինգային թեկնածու Արգիշտի Մեխակյանի օգտին ձայներ ապահովելու համար, իսկ Արգիշտի Մեխակյանին քարոզարշավի ընթացքում օգնում էր Մանվել Գրիգորյանի եղբոր որդին՝ Զարզանդ Գրիգորյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նույն այս գյուղի գյուղապետի տեղակալի ամուսինը խոչընդոտել էր «Իմ քայլի» մեկ այլ ռեյտինգային թեկնածու Արուսյակ Մանավազյանի նախընտրական քարոզարշավը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---