Իրանը հաստատել է, որ բալիստիկ հրթիռ է փորձարկել

Իրանը հաստատել է, որ բալիստիկ հրթիռ է փորձարկել

PanARMENIAN.Net - Իրանի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն հաստատել է, որ բալիստիկ հրթիռ է փորձարկվել, ինչի մասին ավելի վաղ խոսել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Իրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է փորձարկել՝ խախտելով ՄԱԿ ԱԽ բանաձևերը: Նա հավելել էր, որ ԱՄՆ-ն դատապարտում է այդ գործողությունը և կոչ անում Իրանին անհապաղ դադարեցնել բալիստիկ հրթիռների հետ կապված բոլոր գործողությունները:

«Մենք փորձարկում ենք մեր հրթիռները, վերջին փորձարկումը կարևոր էր»,-ասել է Հաջիզադեն, գրում է ՌԻԱ Նովոստին Fars գործակալության վրա հղումով:

Նա չի հստակեցրել, թե հատկապես ինչ հրթիռներ է Իրանը փորձարկել: Ըստ նրա, տարեկան Իրանը 40-50 հրթիռային փորձարկում է իրականացնում, իսկ այն փաստը, որ ԱՄՆ-ն արձագանքում է այդ փորձարկումներից մի քանիսին, վկայում է Վաշինգտոնի հանդեպ ճնշման մասին:

Մի շարք երկրներ, այդ թվում Գերմանիան և Ֆրանսիան, որոնք միջուկային գործարքի անդամներ են, դատապարտել են բալիստիկ հրթիռի փորձարկումը: Իրանի ԱԳՆ-ն ի պատասխան հայտարարել է, որ երկրի հրթիռային ծրագիրը չի խախտում ՄԱԿ բանաձևերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---