Մանվել Գրիգորյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է

Մանվել Գրիգորյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով: Որոշման հրապարակումից հետո այդ մասին լրագրողներին է ասել նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը:

Նա պնդել է, որ Գրիգորյանի նկատմամբ անարդար վերաբերմուն է ցուցաբերվում, հայտնում է Aysor.am-ը:

«Սրանք ցուցադրական որոշումներ են: Նախկին իշխանության օրոք կար այդպիսի արտահայտություն՝ «մեր դեմ խաղ չկա» ու վարույթ իրականացնող մի մարմինը մեզ ցուց է տալիս՝ մեր դեմ խաղ չկա, ուզում եք դատարան դիմեք, ուզում եք դատախազին միջնորդություն գրեք, ցանկացած պայմաններում մեր դեմ խաղ չկա ֆորմուլան աշխատում է», - ասել է նա:

Խոսելով Գրիգորյանի առողջական վիճակից՝ փաստաբանը հիշեցրել է, որ դեկտեմբերի 11-ին Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել էր. «Ծանր առողջական վիճակի պատճատով նպատահարմար գտանք, որ այսօր չմասնակցի նիստին», - ասել է նա՝ ընդգծելով, որ անհրաժեշտության դեպքում իրենք կդիմեն նաև ՄԻԵԴ:

Մկրտչյանն ընդգծել է, որ Գրիգորյանը պատշաճ բուժում չի ստանում, քանի որ նրա առողջական վիճակում բուժումը կալանավայրում հնարավոր չէ ստանալ: Պաշտպանի խոսքով՝ համակարգի բժիշկների վրա որոշակի ճնշում կա, որի արդյունքում նրանք անհրաժեշտ բուժզննում չեն իրականացնում՝ հայտարարելով, թե վիճակը նորմալ է:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մանվել Գրիգորյանի գործով նախաքննական մարմինը նոր միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան չորրորդ անգամ երկարաձգելու Գրիգորյանի կալանքի ժամկետը: Գրիգորյանը դատարանում միջնորդության ներկայացման քննության ընթացքում իրեն վատ էր զգացել, «շտապ օգնություն» էր հրավիրվել դատարան, բուժօգնություն էր ցուցաբերվել։

Մանվել Գրիգորյանը 5.84 մլրդ դրամ կամ $10.5 մլն արժողությամբ տարածք է նվիրաբերում պետությանը: Նա դիմել է կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության մոտ 330 հեկտար տարածքը։ Այն ընդգրկում է 5445 քմ մակերեսով շենք-շինություններ։

Հունիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար, ինչպես նաև՝ բանակին նվիրաբերած ավտոմեքենաներ։Գրիգորյանը կալանավորվել է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---