Փաշինյան. Իրականացվող փոփոխությունները լուրջ արժեքային հիմք ունեն

Փաշինյան. Իրականացվող փոփոխությունները լուրջ արժեքային հիմք ունեն

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:

Խոսելով նոր փուլ թևակոխելու մասին՝ Փաշինյանը նշել է, որ տեղի ունեցող փոփոխությունները լուրջ արժեքային հիմք ունեն և ամենակարևոր արժեքը, որ պետք է մեր կյանքում դառնա առօրեական՝ հարգանքն է ուրիշների, ինչպես նաև սեփական իրավունքների նկատմամբ:

Ողջունելով Նիկոլ Փաշինյանին և շնորհավորելով նրան ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի արձանագրած տպավորիչ արդյունքների կապակցությամբ՝ Ամենայն հայոց կաթողիկոսը նշել է. «Գիտենք, որ մեր երկրի առջև կան ծառացած բազում խնդիրներ, դժվարություններ, մարտահրավերներ, որոնք պահանջում են մեր աշխարհասփյուռ զավակների, մեր հասարակական, քաղաքական բոլոր ուժերի միասնությունը, միաբանությունը, մեր ազգային ներուժի համախմբումը, համերաշխության, հանդուրժողականության, ներողամտության, ոգու հզորացումը, որով մենք հնարավորություն պետք է ունենանք իրականության առաջնորդելու դարավոր իղձերն ու երազները՝ բոլորիս համատեղ ջանքերով, բոլորիս համերաշխ գործակցությամբ»:

«Մեր եկեղեցին նույնպես իր բոլոր ջանքերն ի գործ պետք է դնի ազգային միաբանության զորացման, մեր ժողովրդի ներուժի համախմբման և այն բոլոր հնարավորությունների օգտագործման, որոնցով պետք է կարողանանք նաև արձանագրել մեր կյանքի հաջողությունները: Մաղթում ենք հաջողություններ Ձեր բոլոր հայրենաշեն ծրագրերի և իղձերի իրականացման գործում»,-ասել է կաթողիկոսը:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների, մաղթանքների և ջերմ խոսքերի համար՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ թևակոխել ենք կարևոր փուլ: «Այս նոր ժամանակաշրջանը լավ առիթ է վերաիմաստավորելու մեր ինչպես երրորդ հանրապետության, այնպես էլ մեր ժողովրդի հազարամյա պատմությունը: Հույս ունեմ, որ այն ինչ այսօր Հայաստանում տեղի է ունենում՝ պետք է դառնա մի յուրօրինակ ապացույցն այն բանի, որ մենք մեր պատմության ընթացքում մեր ունեցած սխալներից և ընդհանրապես մեր դժբախտություններից, անհաջողություններից և հաղթանակներից կարողացել ենք մի ընդհանրական և կենարար դաս քաղել, որը պետք է կարողանանք ծառայեցնել մեր ժողովրդի, մեր երկրի՝ ՀՀ, Արցախի Հանրապետության բարօրությանը և ընդհանարպես մեր ժողովրդի իրավունքների պաշտպանությանը: ...Կարծում եմ, որ շատ կարևոր է, որպեսզի մարդը կարողանա հետևողական լինել իր իրավունքներին, ինչը նաև պետք է հանգեցնի ուրիշների իրավունքների նկատմամբ հարգանքի»:

Փաշինյանն ընդգծել է, ոև քաղաքացիական, քաղաքական, և ընդհանրապես անհատական փոխադարձ հարգանքի միջավայրն ամենակարևոր բանն է և կարևոր է, որ այն ամուր արմատներ ձգի: «Մեր երրորդ հանրապետության պատմության մեջ հաճախ է պատահել, երբ ժողովրդավարությունը շփոթել են ամենաթողության հետ, ժողովրդավարությունը շփոթել են թուլության հետ, կամ քաղաքավարությունն են շփոթում թուլության հետ: Ի դեպ, ասեմ, որ դա շարունակվում է, և մենք հույս ունենք, որ այդ արժեքների փոփոխությունն առաջին հերթին տեղի կունենա: Փոխադարձ հարգանքը, ազատությունների հարգումը և մեր հավաքական օրակարգի ու շահերի գիտակցումն է այն կարևոր անելիքը, որ մենք առաջիկայում պետք է իրականացնենք, որովհետև իսկապես սա մի շրջափուլ է, որտեղ անհատական նպատակները պետք է մինչև վերջ դուրս շպրտվեն մեր ընկալումներից և գիտակցումներից»:

Վարչապետի պաշտոնակատարը հավելել է, որ պետք է առաջ գան ազգային, պետական, հանրային նպատակները և ի վերջո պետք է տեղի ունենա ծառայություն հանուն այդ նպատակների: «Կրկին շնորհակալ եմ և ուրախ, որ այստեղ եմ, որովհետև ամեն անգամ մեր հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելությունն ինձ համար շատ կարևոր է և այստեղ լինելը մտորելու լավ առիթ»,-ասել է Փաշինյանը, հայտնում է վարչապեի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---